Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մերի Մովսիսյանը չի տառապում միայն գլխավոր դերերգեր ստանալու մոլուցքով

Հոկտեմբեր 11,2018 13:00

Օպերային գրականության մեջ քիչ չեն հայտնի ստեղծագործություններ, որոնք կրում են գլխավոր հերոսների անունները, օրինակ՝ «Անուշ», «Կարմեն», «Տոսկա», «Նորմա», «Աիդա», «Ռիգոլետո», «Դոն Կառլոս», «Օթելլո», «Արշակ Երկրորդ» եւ այլն: Այս դեպքում, բնականաբար, գլխավոր հերոսը դառնում է բեմադրության առանցքը եւ ողջ դրամատուրգիան պտտվում է նրա շուրջ: Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Մասնեի «Մանոն» օպերայի առաջնախաղը (բեմադրող դիրիժոր՝ Քրիստոֆեր Օկասեկ, ԱՄՆ, ռեժիսոր՝ Անդրեյս Ժագարս, Լատվիա): Ապրիլին՝ այս օպերայի հանձնումից հետո (17.04.2018թ.), «Առավոտը» հանդես եկավ «Երեւանյան օպերայում՝ ինչպես եվրոպական հեղինակավոր թատրոնում» խորագրով ընդարձակ հոդվածով: Առաջնախաղից հետո զրույցի հրավիրեցինք օպերային թատրոնի մեներգչուհի, Մանոնի դերերգով հանդես եկող՝ սոպրանո Մերի Մովսիսյանին: Նշենք, որ երիտասարդ արվեստագետի առաջին՝ Անուշի դերերգից հետո մասնագետները հիացմունքի խոսքեր չէին շռայլել նրա հասցեին, կանխատեսելով երգչուհու՝ գոնե կարիերայի սկզբի համար՝ հարթ ճանապարհ: Փաստորեն, մինչ օրս իրականանում է այդ կանխատեսումը. Անուշից հետո երգչուհին ստանում է Պամինայի (Մոցարտ՝ «Կախարդական սրինգ») եւ Միքայելայի (Բիզե՝ «Կարմեն») դերերգերը, ավելին՝ հիշյալ դերերգերով Ազգային օպերային թատրոնի կազմում վերջերս մեկնում է հյուրախաղերի՝ Դուբայ եւ Քուվեյթ: Իսկ թե իսկապե՞ս մինչ օրս նրա ստեղծագործական ճանապարհը հարթ է ընթանում, Մերի Մովսիսյանը ժպիտով նախ նշեց, թե հարթ ճանապարհ չի լինում, հետո էլ պատասխանեց. «Ես թատրոն եմ եկել 2014թ., Գեղամ Գրիգորյանի հրավերով: Դիրիժոր Կարեն Դուրգարյանի հանձնարարությամբ պատրաստեցի Միքայելայի դերերգը, ու դրանով մասնակցեցի գլխավոր փորձերին: Պարոն Գրիգորյանը լսելով ինձ, ասաց, որ դեռ շատ վաղ է Միքայելա երգելը ու առաջարկեց Անուշի դերերգը… Փաստորեն, մի քանի տարի չեմ երեւացել: Հետո, երբ գեղարվեստական ղեկավար նշանակվեց Կոնստանտին Օրբելյանը, նկատեց ինձ ու առաջարկեց դերերգեր»: Զրույցի ընթացքում երգչուհին կարեւորեց ու դրվատանքի խոսքեր հղեց իր մեներգիչ գործընկերների, նվագախմբի, երգչախմբի արտիստների հասցեին:

Մերի Մովսիսյանը՝ տարբեր կերպարներում:

Հետաքրքրությանը՝ ասում են, թե բացի մեր օպերային թատրոնից, նոր-նոր արտասահմանում սկսել եք հանդես գալ նվագախմբերի հետ, սոպրանոն պատասխանեց. «Անդրեյս Ժագարսի հրավերով վերջերս Յուրմալայում մասնակցեցի համերգի, որը ղեկավարում էր ճանաչված երաժիշտ, Բեռլինի Komische օպերայի երաժշտական ղեկավար եւ դիրիժոր Աինարս Ռուբիտիսը: Մինչ այդ էլ բեմ եմ բարձրացել Ռումինիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային անսամբլի հետ:»

Նաեւ հետաքրքրվեցինք հայ երգչուհու ագենտով: Ի պատասխան՝ Մերի Մովսիսյանն ասաց. «Ստեղծագործական կյանքում դեռ մշտական ագենտ չունեմ, բայց ձմռանը մասնակցեցի Բոլոնիայի օպերային թատրոնում անցկացվող լսումներին, որն անցկացվում էր Ջիլդա «գտնելու» համար (նկատի ունի Վերդիի «Ռիգոտելո» օպերայում): Իսկ հրավերը ստացել էի ագենտ Մաուրիցիո Սկարդովիի կողմից, որն ինձ լսել էր ընդամենը CD-ով»:

Երիտասարդից հետաքրքրվեցինք, թե իր տարեկից որոշ արտիստների օրինակով «իր աչքն է՞լ է դուրսը», երգչուհին պատասխանեց. «Մինչ օրս ամենաշատը մեկ ամիս եմ բացակայել: Մեկնել էի Բելգիա՝ մասնակցելու Ելիզավետա Թագուհու անվան մրցույթին, նախնական լսումների արդյունքում 250-ից ընտրել էին 70 երգչի: Սա է, աչքս հաստատ դուրսը չէ: Կարծեմ զրույցի ընթացքում ձեր դիտարկմամբ՝ հարթ ճանապարհ եմ անցնում մեր օպերային թատրոնում… Ի դեպ, մինչ օպերային թատրոնում հայտնվելը բեմ եմ բարձրացել նաեւ Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Երիտասարդական նվագախմբի ընկերակցությամբ»: Իսկ հանդես կգա՞ երկրորդական դերերգերով կամ չի՞ տառապում միայն գլխավոր դերերգեր ստանալու մոլուցքով, Մերի Մովսիսյանն այսպես պատասխանեց. «Բացարձակ: Օրինակ, «Կարմենում» հանդես եմ գալիս ոչ թե գլխավոր հերոսուհու, այլ Միքայելայի դերերգով»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Մերի Մովսիսյանն ու Լիպարիտ Ավետիսյանը՝ «Մանոնում»:

«Առավոտ»

10.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031