Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւր փախավ համայնքապետը, «02»-ով ռոզիսկի տա՞նք»․ մարալիկցները բողոքի ցույց անցկացրեցին Շիրակի մարզպետարանի դիմաց

Հոկտեմբեր 10,2018 15:34

Այսօր առավոտյան Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ մարզխորհրդի նիստ, որին մասնակցում էր նաև Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանը։ Մոտ 40 օր է՝ Անիի տարածաշրջանի բնակիչները պահանջում են նրա հրաժարականը, սակայն վերջինս հայտարարում է, որ իր դեմ ելածներն աթոռակռիվ են տալիս և չի պատրաստվում հրաժարական ներկայացնել։

Ցուցարարներն այսօր Մարալիկից եկել էին Գյումրի, մարզխորհրդի նիստից անմիջապես հետո բողոքի ցույց անցկացրեցին Շիրակի մարզպետարանի շենքի մոտ։ «Ո՞ւր փախավ համայնքապետը, 02-ով ռոզիսկի տանք, թե կորե՞լ է», -ասում էին ցուցարարները։

Ցուցարարների հետ հանդիպման եկած Շիրակի մարզպետի օգնական Սերգեյ Տոնոյանը պատասխանեց, որ մարզխորհրդի նիստն ավարտվել է կես ժամ առաջ և եթե փնտրում են համայնքապետին, նա հեռացել է մարզպետարանի շենքից։

«Ո՞ւր գնանք, ո՞ւմ դիմենք, ի՞նչ անենք, մարզային իշխանությանը չի՞ հետաքրքրում, որ համայնքապետարանը տաս օր է՝ փակ է, չենք բացի մինչև հրաժարական չտա»,- փոխմարզպետ Արա Մելիքջանյանին ասում էին ցուցարարները։

Արա Մելիքջանյանը փոխանցեց, որ հնարավոր լուծումը երկուստեք պետք է գտնեն, քանի որ նրա հրաժարականի պահանջը մարզային իշխանությունները չէ, որ պետք է առաջ քաշեն, իրենք ևս հորդորել են նրան հրաժարական ներկայացնել։

«Ղեկավարը ժողովրդից փախնում է, կարո՞ղ եք ասել, նման ղեկավարն ո՞ւմ է պետք։ Մենք հիմա ուզում ենք իրեն գտնենք, բերենք ժողովրդի հետ հանդիպման, որտեղի՞ց գտնենք իրեն»,- ցուցարարները հարցնում էին փոխմարզպետին։ Վերջինս ասաց․ «Ես էլ չգիտեմ՝ որտեղի՞ց գտնենք», որին ի պատասխան ՝ցուցարարներից մեկը վրդովվեց․ «Բա ինչի՞ եք պահում նման ղեկավար։ Մենք չենք պահել, մենք վռնդել ենք, պահողներն են պահել»։

«Շիրակի մարզպետարանը Գևորգյան Արտակին չի նշանակել», -ցուցարարներին հիշեցրեց փոխմարզպետը։ Նա ասաց, որ համայնքի ղեկավարին համայնքի ժողովուրդն է ընտրում։ Սա ավելի բարկացրեց ցուցարարներին։ «Որ ասում եք ազգաբնակչությունն է ընտրել, ես խնդրած կեղնիմ այդ ամենը չկոտրել ազգաբնակչության գլխին, քանի որ բոլորս քաջ տեղյակ ենք, թե Հանրապետական կուսակցության ժամանակ ընտրություններն ինչպես են անցել՝ ստիպելով, ահաբեկելով, թալանելով, կաշառքով, փողով, ամեն ինչով։ Իրեն էդ կարգի են ընտրել տվել, եթե գտնում է, որ լեգիտիմ ընտրվել է, թող հրաժարական տա, նորից անցնի, էսքան տղես գնանք առաջինը իրեն շնորհավորենք։Մարալիկցիները 14 տարի ընկել են կրակը, հիմի կուզեն կրակից ելնել»։

Ցուցարարները բարձրացան նաև Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի մոտ, որը, նրանց փոխանցել էր, թե իրենք ևս հորդորել են համայնքապետին հրաժարական ներկայացնել։ «Հնար չկա, ասում է հրաժարական կտամ դիակիս վրայով, էսպես էլ կրակն ընկնել կլինի», -ասում էին ցուցարարները։

Համոզվելով՝ որ համայնքապետը հեռացել է Շիրակի մարզպետարանի շենքից, նրանք վերադարձան Մարալիկ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031