Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է վերաքննիչն անթույլատրելի համարել փորձաշրջանը եւ պահանջում է ազատազրկում

Հոկտեմբեր 10,2018 14:30
dat

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր էր ճանաչել Դավիթ Ալեքսանյանին՝ կրկնակի քվեարկության համար, եւ նրա նկատմամբ պատիժ էր նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով: Ըստ առաջին ատյանի դատավճռի՝ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի: Դատարանը սահմանել է փորձաշրջան նույնքան՝ 2 տարի ժամկետով եւ նրա վարքի նկատմամբ վերահսկողությունը դրել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության համապատասխան ստորաբաժանման վրա։ Դ. Ալեքսանյանի նկատմամբ ընտրվել էր ստորագրություն չբացակայելու մասին խափանման միջոցը:

«Առավոտին» հայտնի դարձավ, որ գործը Վճռաբեկ դատարանում է գտնվում:

2017 թ. ապրիլի 5-ին նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով, Դավիթ Ալեքսանյանը ունենալով ընտրելու իրավունք, ներկայացել է Շիրակի մարզի Ամասիա գյուղի թիվ 30/37 ընտրատեղամաս եւ փորձել է երկու անգամ քվեարկություն կատարել:

Նախ, նա ժամը 18:47-ին Ամասիայի թիվ 30/37 ընտրատեղամասում անցկացվող ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ ներկայացել է հանձնաժողովի անդամ, տեխնիկական սարքի օպերատոր Նաիրա Մանուկյանին, ներկայացրել է իր նույնականացման քարտը, կատարել է սահմանված կարգով քվեարկություն, ապա ժամը 19:09:22 րոպեին մուտք գործելով ընտրատեղամաս, մոտեցել է նույն տեխնիկական սարքի օպերատոր Նաիրա Մանուկյանին, նրան է ներկայացրել իր անձնագիրը, սակայն համապատասխան սարքի միջոցով արձանագրվել է նրա կողմից կրկնակի քվեարկություն կատարելու փորձ:
Դ. Ալեքսանյանը հրաժարվել է առաջին ատյանում ցուցմունք տալուց:

Իսկ նախաքննության փուլում նա առաջադրված մեղադրանքում դիրքորոշում չի հայտնել: Նա քննիչի մոտ ցուցմունք է տվել, որ ապրիլի 2-ին, ժամը 18:45-ի սահմաններում, մասնակցել է Ամասիայի թիվ 30/37 ընտրատեղամասում անցկացվող ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին: Նա իր նույնականացման քարտով մոտեցել է ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, տեխնիկական սարքի օպերատոր Նաիրա Մանուկյանին, որից հետո ստանալով ընտրություններին մասնակցելու հնարավորություն, կատարել է սահմանված կարգով իր քվեարկությունը եւ դուրս է եկել ընտրատեղամասից: Գնացել է տուն եւ կնոջ հետ վերադարձել է ընտրատեղամաս. քվեարկություն պետք է կատարեր կինը: Մոռանալով իր առաջին քվեարկության մասին՝ նա մոտեցել է հանձնաժողովի անդամ Ն. Մանուկյանին, նրան է տվել իր անձնագիրը, որպեսզի կատարի քվեարկություն, սակայն այդ ժամանակ հանձնաժողովականն իրեն հարցրել է՝ «Դավիթ, մի քիչ առաջ չեկա՞ր քվեարկության»: Կատարվածը, ըստ ամբաստանյալի, «միայն իր մոռանալու հետեւանք է»:

Նա դատարանում պաշտպանական եւ մեղադրական ճառերի ժամանակ հայտնել է, որ զղջացել է եւ դատարանին խնդրել է մեղմ պատիժ նշանակել:

Վերաքննիչ դատարանն էլ Շիրակի մարզի դատախազ Կ.Գաբրիելյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դ. Ալեքսանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել է եւ փոփոխել:

Այն է՝ նշանակված` 2 տարի ժամկետով ազատազրկման ձեւով պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացրել է:

Ըստ վերաքննիչ քրեական դատարանի իրավական դիրքորոշման. «Օրենսդիրը նախկինում սահմանել էր պատժատեսակ ինչպես տուգանքի, այնպես էլ որոշակի ժամկետով ազատազրկման ձեւով, սակայն 2016 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու արդյունքում օրենսդիրը հիշյալ հանցատեսակի համար սահմանել է միայն որոշակի ժամկետով ազատազրկում պատժատեսակը` բարձրացնելով նախկինում եղած պատժաչափի առավելագույն շեմը։ Թեպետ հիշյալ հանցատեսակի հանցակազմը ձեւական է եւ չի նախատեսում հանրորեն վտանգավոր հետեւանքների առաջացում, այնուամենայնիվ, մեղքի ձեւի տեսանկյունից կատարվում է ուղղակի դիտավորությամբ, ինչի կապակցությամբ հարկ է նշել նաեւ, որ հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի եւ բնույթի կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը կարեւորում է հանցավորի մեղքի ձեւը։ Ամբաստանյալ Դ. Ալեքսանյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձեւով պատիժը պայմանականորեն չկիրառելով` առաջին ատյանի դատարանն անտեսել է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի, ինչպես նաեւ ընդհանուր մասի մյուս դրույթների պահանջները, որի արդյունքում նշանակել է ոչ արդարացի պատիժ` հաշվի չառնելով նրա կատարած հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը եւ բնույթը, ինչպես նաեւ նրա պատիժն ու պատասխանատվությունն անհատականացնող հանգամանքների ողջ ծավալն ու հարաբերակցությունը։ Ընդ որում, առաջին ատյանի դատարանը Դավիթ Ալեքսանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս հաշվի չի առնել այն հանգամանքը, որ պատժի նպատակը միայն անձին ուղղելը չէ, այլ նաեւ սոցիալական արդարության վերականգնումը եւ հանցագործությունների կանխումը»:

Ի դեպ, առաջին ատյանի դատարանը Դ. Ալեքսանյանի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք էր համարել այն, որ Դավիթը երիտասարդ է, զղջացել է կատարածի համար, դատվածություն չունի, խնամքին ունի մինչեւ 14 տարեկան երեխա, ընտանիքի միակ կերակրողն է։ Վերաքննիչ դատարանը դատապարտել է ըստ էության առաջին ատյանի մարդասիրական մոտեցումը՝ անձը բնութագրող մի շարք հանգամանքները, եւ անթույլատրելի համարել փորձաշրջան կիրառելը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

09.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031