Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծարենք այսօրվա մշակույթի կղզյակներին` իրենց կենդանության օրոք»

Հոկտեմբեր 10,2018 13:30

Համոզված է երիտասարդ արվեստագետը

Վերջերս Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համերգասրահում կայացած` քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված հերթական հանդիսությանը հանդիպեցինք հայ եւ համաշխարհային պոեզիայի ծրագրերով հանդես եկող երիտասարդ դերասանուհի, համերգավար Թագուհի Ղազարյանին: «Առավոտը» նախկինում եւս անդրադարձել է Թագուհու գործունեությանը: Վերջին քաղաքական փոփոխությունների արդյունքում երիտասարդությունը նոր մարտահրավերների առաջ է կանգնել եւ արագընթաց փոփոխությունները իրենց պահանջն են ներկայացնում նաեւ արվեստին ու մշակույթին:

Փարիզում Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր խոսքում մեջբերելով հատված Ազնավուրի իրեն ուղղված նամակից՝ հայտնեց մեծ շանսոնյեի փափագը, որ Հայաստանի երիտասարդությունը կկարողանա դրսեւորել իր ողջ ներուժը եւ իր երազանքները իրականություն կդարձնի Հայաստանում:

Ինչպես ասվում է` հանգամանքներ են փոխվել: Հանգամանքները փոխել են նաեւ վերաբերմունք՝ յուրաքանչյուրը իր գործունեության նկատմամբ եւ Թագուհու հետ մեր զրույցի ընթացքում երիտասարդ արվեստագետը հստակ ձեւակերպեց իր մոտեցումները մշակույթի ասպարեզում, որը սիրով տրամադրում ենք ընթերցողին:

«Այսօր մեր մշակույթը կյանքի ու մահվան կռիվ է տալիս: Եթե մի երկիր աչքաթող է անում իր մշակույթը, աչքաթող է անում իր ապագան, իր տեսակն ու դիմագիծը: Ցավով պետք է ասեմ, որ ինչպես կենցաղն է օրեցօր ուտում հոգեւորը, այնպես էլ ժամանցային երգ-երաժշտությունն է օր օրի ետին պլան մղում արժեքավորը, մնայունն ու դասականը: Սա մի սարսափելի համաճարակ է, որ տարածվում է մեր բացառիկ հարուստ մշակույթ ունեցող հայրենիքում եւ որը կարող է հանգեցնել անդառնալի հետեւանքների, որոնցից առաջնայիններից հենց հասարակության մշակութային ընկալման ապազգայնականացումն է»,- զրույցի սկզբում նշեց մեր զրուցակիցը: Ռեպլիկին, թե ի՞նչ եք առաջարկում, Թագուհին պատասխանեց. «Մենք պետք է կարողանանք տեր լինել այն մշակույթին, որը ձեւավորվել է մեր պատմության բազմաթիվ էջերի միաձուլումից՝ արտահայտելով մեր ինքնությունը, մեր երկաթե կամքն ու ոգին, մեր տարբերվող տեսակը, մեր հոգու խորությունն ու սրտի եւ մտքի իմաստությունը եւ այս ամենն ընդունելով որպես հիմք, որպես կոդ, ստեղծենք նյութ, որը դարեր հետո եւս լսելի ու տեսանելի կլինի: Այդպիսով մենք կգնանք մշակութային առաջընթացի ճանապարհով եւ ոչ երբեք հակառակը»: Հետաքրքրությանը, թե ինչո՞ւ է իր խոսքն այսքան հուսահատ եւ ինչն է հանգեցրել նման մտահոգությանը, կամ կոնկրետ փաստեր կա՞ն, արվեստագետը պատասխանեց. «Ցավալի փաստերից մեկն այն է, որ ճշմարիտ հայ մշակույթ ներկայացնողներն այսօր մնում են ստվերում, որովհետեւ երեւացող տեղում կանգնում են նրանք, որոնց բախտ է վիճակվել ճանաչում ձեռք բերել՝ ձուլվելով ամբոխին եւ նրանցով իհարկե հեշտ է հովանավոր եւ հանդիսատես գտնելը, բայց այդ նույն հանդիսատեսը մեղավոր չէ, որ իրեն ծանոթ չեն դարձնում այն ոչ հայտնի արտիստին, ում ասելիքն ու անելիքը անջատված է ամբոխային մտածողությունից եւ միտված է հայ մշակույթի պահպանմանը:

Այսօր մենք ունենք այն մարդկանց կարիքը, ովքեր չեն գայթակղվի պատրաստին վերցնելով, այլ կձեւեն նորը, հանրությանը կծանոթացնեն այդ նորի հետ, որոնց մեջ գուցե լինի մեր վաղվա օրվա Կոմիտասը, ով կգա փրկելու հայ մշակույթը օտար ելեւէջներից: Պետք է օգտագործել արդեն եղածը՝ նորը գտնելու համար եւ ջանք ու եռանդ չխնայել հայ մշակույթը բարձր ու վեհ պահելու, դասականության փայլը չխամրեցնելու համար»: Մյուս կողմից՝ երիտասարդ արվեստագետը կասկած չունի, որ ինչպես ինքը նշեց, որ մեկ զգայարան ավելի պետք է ունենալ մշակութային կյանք ղեկավարելու համար, որովհետեւ մշակույթը սեր է, ինչը զգալ է պետք: Հավելեց նաեւ. «Անհրաժեշտ է, որ մենք սովորենք մեծարել մեր այսօրվա մշակույթի կղզյակներին իրենց կենդանության օրոք, քանի դեռ կարող ենք նրանցից ստանալ մի գիր, մի կտավ, մի երգ՝ որպես ընծա մեր գալիքի համար: Ես ոչ թե մատնացույց եմ անում խնդիրը, այլ փնտրում եմ խնդրի լուծման տարբերակներ, չէ՞ որ այդ նորը ձեւողներից մեկն էլ գուցե հենց ես եմ: Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ հայրենիքը սկսվում է յուրաքանչյուրիցս եւ ամեն մեկս մեր կարողության չափով պետք է պիտանի լինենք նրա զարգացմանն ու փառահեղ ապագային: Կյանքում իմ առաքելություններից մեկը ես համարում եմ հայ բեմում հայ երգի եւ հայ խոսքի դոմինանտությունը վերահաստատելը, ինչը թերեւս հարատեւման միակ հույսն է, որից պետք է կառչենք: Լիահույս եմ, որ կունենամ ուժ եւ հնարավորություն այն իրական դարձնելու համար»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

09.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Այսօր մենք այսպիսի գործիչների պետք ունենք, որ մեր մշակույթը մնա կանգուն եւ հաստատ: Հիացած եմ տեսնելով երիտասարդ, բայց այդ մտքի տեր արվեստագետի, որ իր պատկանելությունը կապում է իր մշակույթի հետ եւ պատրաստ է նրանով առաջնորդվել:
    Հաջողություն եմ մաղթում,
    Պետրոս

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031