Այսօր Նորվեգիայի Կրագերո քաղաքի պատվիրակության հետ Գյումրիում էր 1922 թվականին Ալեքսանդրապոլում որբանոց հիմնած նորվեգացի նշանավոր միսիոներուհի Բոդիլ Կատարինա Բիորնի թոռը՝ Յուսի Բիորնը։ Նրա տատիկը եղել է մեծ հայասեր, Հայոց Ցեղասպանության ականատեսը, որը լուսանկարել ու աշխարհին է ներկայացրել Ցեղասպանության անմարդկային տեսարանները։
Բոդիլ Բիորնը, որը հայտնի է նաև որպես Մայր Կատարինե, ծնվել էր Նորվեգիայի Կրագերո քաղաքում, հարուստ նավատիրոջ ընտանիքում։ 1905 թ. Գերմանիայում ստանալով բուժքրոջ մասնագիտություն՝ Կանանց միսիոներական կազմակերպության կողմից ուղարկվել է Օսմանյան Կայսրություն։ Նա որպես միսիոներ աշխատել է Խարբերդ քաղաքում, ավելի ուշ Մուշում։ Եղեռնի տարիներին հարյուրավոր անօթևան հայ երեխաների ու կանանց է մահից փրկել, խնամել։
Այսօր նրա թոռը՝ Յուսի Բիորնն այսօր պատմեց, որ տատը մահացել է 89 տարեկան հասակում։ «Նա յուրաքանչյուր երեխայի հետ տարած աշխատանքի ժամանակ օրագրում գրի է առել, և երբ ես լավ կամ վատ արարք էի անում, ինձ համեմատում էր այդ երեխաների հետ։ Նա իր կյանքի վերջին ամիսներն անգամ ուզում էր ծառայեցնել Հայաստանին։ Երբեք չէր դադարում Հայաստանի մասին մտածել, Հայաստանին օգնելու մասին մտածել։ Եվ շատ մեծ հույս ունեմ, որ Գյումրիում կգտնեմ այն տունը, որտեղ երեխաներին խնամել է տատս ու հենց այդտեղ կստեղծենք նորվեգական կենտրոն»,- ասաց Բոդիլ Բիորնը։
Մեր զրուցակիցը հիշում է, որ բուժքրոջ մասնագիտություն ստացած իր տատիկը Ալեքսանդրապոլում երեխաներին ու կանանց դասավանդել է բժշկություն։ «Նա ծանր ժամանակ վերադարձավ Նորվեգիա, իր հետ բերել էր մի հայ տղայի, որը որ կդառնար իմ հայրը, բայց քանի որ նա շատ էր ուզում օգնել Ալեքսանդրապոլին, նա վերադարձավ Հայաստան ու բացեց մանկատուն։ Դա բոլշևիկյան ժամանակահատվածն էր, որտեղ հավատքը չէր խրախուսվում, թույլ չի տրվել, որ մանկատունը գործի, և նա որոշել է գնալ Հալեպ, որտեղ աշխատեց 9 տարի։Դրանից հետո գործնական աշխատանք չի կատարել», պատմեց թոռը։
Նշենք, որ Բոդիլ Բյորնի գործունեության մասին կան փաստաթղթեր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հուշապատի մեջ էլ ամփոփված է մեծ հայասերի գերեզմանից բերված հողը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Շնորհակալություն Նունե Արևշատյան
http://www.genocide-museum.am/eng/online_exhibition_4.php