Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում այսօր ձայների 99 «կողմ», 79 «դեմ», 16 «ձեռնպահ» հարաբերակցությամբ քվեարկության արդյունքում Վեհաժողովում մանդատների ու քվեարկության հետ կապված որոշումների ընդունման գործընթացի ամրապնդման վերաբերյալ զեկույցը հետ ուղարկվեց հանձնաժողով լրացուցիչ քննարկման համար:
Բելգիացի պատվիրակ Պետրա Դե Սուտերի ներկայացրած զեկույցում նշվում է, որ փաստաթուղթը պատրաստվել է ԵԽԽՎ Բյուրոյի ժամանակավոր հանձնաժողովի առաջարկների հիման վրա: Այն վերաբերում է ԵԽԽՎ-ում ազգային պատվիրակների մանդատների հաստատմանը, ներկայացուցչության և մասնակցության իրավունքների վերանայմանն ու, այս համատեքստում, Վեհաժողովի քվեարկության ընթացակարգերին ու նրա անդամների քվեարկության իրավունքներին:
Լիագումար նիստի ընթացքում պատվիրակներն իրենց ելույթներում կարծիքներ հայտնեցին՝ զեկույցի հիմնական նպատակն է, որ ԵԽԽՎ վերադառնա Ռուսաստանի պատվիրակությունը: Հիշեցնենք՝ 2014-ին ՌԴ-ն զրկվեց քվեարկության ու մի շարք իրավունքներից. պատճառը Ղրիմի բռնակցումն էր:
Նշենք, որ զեկույցի՝ հանձնաժողով հետ ուղարկելուն «կողմ» է քվեարկել ուկրաինական պատվիրակությունը: Հայկական պատվիրակությունը դեմ է եղել զեկույցի հետ ուղարկմանը, հետևաբար Կարինե Աճեմյանը, Արփինե Հովհաննիսյանը, Ռուստամ Մախմուդյանը, Արմեն Ռուստամյանը «դեմ» են քվեարկել: Քվեարկությանը չեն մասնակցել Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանն ու Էդմոն Մարուքյանը:
Զեկույցի քննարկման ընթացքում Մեծ Բրիտանիայի պատվիրակ Ռոջեր Գեյլը հայտարարեց. «ԵԽԽՎ ընտրված մարմինը ոչ մի գնով չի վաճառվում»: Այնուհետև կարծիք հայտնեց՝ ՌԴ-ն որպես բարի կամքի դրսևորում կարող էր վճարել իր անդամավճարը, սակայն ՌԴ կողմից այդ բարի կամքի դրսևորումը ոչ միայն չկա, այլև կա սպառնալիք. «եթե մենք չստանանք այն, ինչ ցանկանում ենք, հետևանքներ կլինեն»։
Նշենք, որ եթե հիմա վեհաժողովն ընդուներ այս զեկույցը, ու թեև զեկույցում ոչ մի խոսք չկար Ռուսաստանի մասին, Ռուսաստանը վերադառնալու էր ԵԽԽՎ: Իսկ այս քվեարկության արդյունքում զեկույցը կրկին կքննարկվի հանձնաժողովում, ԵԽԽՎ նախագահը կորոշի առաջիկա նստաշրջաններից որ մեկում այն դնի քննարկման. ամենայն հավանականությամբ հունվարին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ