Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից Հայաստանում անցկացված հարցման արդյունքները ցույց են տալիս, որ երկրի ապագայի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության նկատմամբ համատարած վստահություն կա:
«Հարցման արդյունքներում արտացոլված լավատեսությունը ցույց է տալիս, որ նոր կառավարությունը աննախադեպ հնարավորություն ունի գլխավորել անհրաժեշտ բարեփոխումները և ամրապնդել Հայաստանի ժողովրդավարությունը,- ասել է IRI Եվրասիայի հարցերով տարածաշրջանային տնօրեն Ստիվեն Նիքսը:- Եթե կառավարությունը ժամանակին չգործի, այն վտանգում է կորցնել դրական փոփոխությունների այս պահը»:
Մասնավորապես, հարցման մասնակիցների 82 տոկոսը կառավարությունը գնահատում է «շատ դրական» (39 տոկոս) կամ «հիմնականում դրական» (43 տոկոս): 63 տոկոսը ցանկանում է, որպեսզի քաղաքական բարեփոխումները ձեռնարկվեն արագ, իսկ 34 տոկոսը, ընդհակառակը, առավել աստիճանական բարեփոխումների կողմնակից է:
Հարցման մասնակիցների մեծամասնությունը (73 տոկոս) կարծում է, որ Հայաստանը գնում է ճիշտ ճանապարհով, իսկ 81 տոկոսը կարծում է, որ ապագան կլինի «միանգամայն ավելի լավ» (37 տոկոս) կամ հույս ունեն, որ ապագան կլինի հիմնականում ավելի լավ (44 տոկոս):
Բացի այդ, հարցման արդյունքում գնահատական է տրվել նաև կոռուպցիայի դեմ ուղղված ջանքերին: Մասնավորապես, հարցման մասնակիցների 81 տոկոսը հավատում է, որ կոռուպցիայի խնդիրը բարելավվել է, իսկ 15 տոկոսը կարծում է, որ կոռուպցիան մնացել է նույն մակարդակի վրա, և միայն 2 տոկոսն այն կարծիքին է, որ այս ուղղությամբ իրավիճակն ավելի է վատթարացել:
Հարցումն անցկացվել է հուլիսի 23-օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ