«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը ՀՀ կառավարությունը, կուսակցությունները և ժողովուրդը պետք է որոշեն»,- ՀՀ-ում դիվանագիտական գործունեությունն ամփոփող միջոցառմանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Նրա խոսքով՝ իրենց դեսպանությունում ուշադիր հետևում են ՀՀ-ի ներքին քաղաքական զարգացումներին. «Հոկտեմբերի 2-ին ինչպես բոլորը, մենք նույնպես հետևում էինք, և ուրախալի էր, որ իրավիճակը խաղաղ ու առանց բռնությունների հանգուցալուծվեց»:
Ըստ նրա՝ իրենք ուզում են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեն ազատ ու թափանցիկ, դրանց նկատմամբ լինի վստահություն, բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ունենան պատրաստվել և մասնակցել ընտրություններին, վստահություն լինի ընտրական գործընթացների նկատմամբ, արդյունքում ձևավորվի խորհրդարան, որում լինի ընդդիմություն և կայուն մեծամասնություն. «Տարբեր կողմերի հետ իմ զրույցների ժամանակ ինձ համար պարզ է դառնում՝ սա այն է, ինչ բոլորը ցանկանում են. կա պատրաստակամություն ընդհանուր փոխզիջումների գալ»:
Հարցին, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ինչ հիմքեր ունի հայտարարելու, թե առաջիկա ամիսներին ի հայտ կգան հնարավորություններ ԼՂ հիմնահարցի կարգավորման համար, դեսպանը պատասխանեց, որ որեւէ թաքնված ուղերձ նախագահ Թրամփի կողմից չկա: Նրա խոսքով, իրենք քաղաքական զարգացումներ են տեսել թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում, եւ նախագահ Թրամփի այդ խոսքերը, կարծես թե, վերաբերում են նրան, որ երկու երկրներում էլ կա նորովի տրամադրվածություն, որը կարող է խթանել նոր լուծումներ գտնելուն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ