«Ինձ վրա ոչ մի ճնշում չի եղել, չի էլ կարող լինել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: Aravot.am-ի հարցին՝ պետական ռեպրեսիվ մեքենան գործի չի՞ դրվել իր նկատմամբ, նա նկատեց, որ ճնշում կարող է գործադրել միայն ժողովուրդը:
Նա այն 16 պատգամավորների ցանկում է, որոնք կողմ են արտահայտվել դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն: Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասել էր, որ իր տեղեկություններով, այդ հայտարարությանը միացած ՀՀԿ խմբակցության պատգամավորների վրա ճնշումներ են եղել:
Aravot.am-ը փորձեց կապվել նաեւ Ալիկ Սարգսյանի, Հակոբ Բեգլարյանի եւ Հարություն Կարապողոսյանի հետ՝ հասկանալու համար, թե արդյոք նրանց վրա եղել են ճնշումներ: Նրանց հեռախոսներն անջատված էին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. Ի դեպ, Տաճատ Վարդապետյանը «Հանրապետական» խմբակցությունից դուրս գալու դիմում է գրել: