Բիզնես Արմենիայի աջակցությամբ կանադական «Ատլաս ֆարմասյութիքալ» ընկերությունը 1.2 միլիոն դոլարի ներդրումով Հայաստանում կհիմնի սննդային հավելումների արտադրություն։ Այս մասին համագործակցության հուշագիրը ստորագրվել է ընկերության տնօրեն Գիրո Ջեբենյանի և Բիզնես Արմենիայի Միջազգային կոմերցիայի խմբի ղեկավար Նարեկ Ալեքսանյանի միջև։
Փաստաթղթով նախատեսվում է, որ «Ատլաս ֆարմասյութիքալ» ընկերությունը Հայաստանում կհիմնի դեղորայքային միջոցների որակին և նշանակությանը մոտեցող սննդային հավելումների՝ սննդամթերքի արտադրության և կլինիկական ուսումնասիրության հետազոտական կենտրոն։ Նախատեսվում է, որ ներդրումային ծրագիրը կմեկնարկի 2019թ. սկզբին, կստեղծվի շուրջ 30 աշխատատեղ։ Ընկերության մասնագետներն արդեն դիտարկում են մի քանի արտադրական տարածքներ, այդ թվում՝ մարզերում։
«Մեր թիմն ամենօրյա աշխատանքով խթանում է և ուրախ ենք, որ գործարար պայմանավորվածություններն աստիճանաբար փաստաթղթերի ու ներդրումների են վերածվում։ Կոնկրետ այս ներդրումն էլ Բիզնես Արմենիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ Կանադայի արտագնա գործարար առաքելության արդյունք է»,- նշել է Բիզնես Արմենիայի Գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։
«Կլինիկական հետազոտությունների արդյունքում փորձված բուսական բժշկության արտադրանքը՝ բուսական դեղամիջոցներ, բնական հիմքով պրեպարատներ, կսպառվի տեղական շուկայում և կարտահանվի ԵԱՏՄ երկրներ»,- նշել է «Ատլաս ֆարմասյութիքալ» ընկերության տնօրեն Գիրո Ջեբենյանը։
«Անցած տարի «Ատլաս ֆարմասյութիքալը» ձեռք բերեց «Քյու ֆարմ» ընկերությունը, ընդարձակեց հետազոտական բաժինը։ Ներկայում արտադրում են սննդային հավելումներ, բուսական միջոցներ, պրոբիոտիկներ, որոնք հիվանդությունների կանխարգելման կամ բուժման համար են»,- նշել է Բիզնես Արմենիայի Միջազգային կոմերցիայի խմբի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։
Հանրային կապերի թիմ