Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «ՀՀԿ-ի պատգամավորների վրա ճնշումներ են եղել»

Հոկտեմբեր 09,2018 16:51

«Մեկ շաբաթ առաջ ՀՀԿ  խմբակցությունը ընդունեց հայտարարություն վերջին իրադարձությունների հետ կապված: Այդ հայտարարությունը քննարկվում էր եւ իմ գործընկերներից, որոնք ստորագրել են դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու դիրքորոշման տակ, որեւէ մեկը չէր արտահայտել այլ կարծիք: Այնուհանդերձ, իմ ունեցած տեղեկություններով՝ մի շարք պատգամավորների հանդեպ եղել են ճնշումներ, գործադրվել է պետական ռեպրեսիվ ապարատը իր բոլոր հնարավորություններով: Նաեւ փորձում էին գտնել որոշ պատգամավորների վրա արտերկրից ներազդելու հնարավորություններ», այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով  դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու նախաձեռնության տակ ստորագրած 14 պատգամավորների քայլին, որոնցից 9-ը ՀՀԿ խմբակցության անդամներ են:

Արմեն Աշոտյանը չբացառեց, որ որոշ պատգամավորներ նաեւ ինքնակամ են միացել այդ նախաձեռնությանը:

Լրագրողները փորձեցին առավել հստակ եւ փաստարկված հայտարարություններ ստանալ Արմեն Աշոտյանից, թե ինչ ճնշումների մասին է խոսքը: «Ես ասացի այնքան, ինչքան ասացի: Իմ ունեցած տեղեկություններով այդ ճնշումները եղել են, բայց ինչպես ասացի, չեմ բացառում, որ եղել են ինքնակամ դարձի եկածներ՝ ինչպես այս օրերին սիրում է ներկայացնել ընդդիմադիր մամուլը: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ինդուլգենցիաներ պարտադրել, ֆեյսբուքյան ստատուսներում գրում է ով է ճիշտ, ով է սխալ, ում պետք է քաջալերել, ում չպետք է քաջալերել: Այդ գործընթացն, իհարկե, միջնադար է հիշեցնում, երբ կաթոլիկ եկեղեցու  ղեկավարները փորձում էին մեղքերի թողության փաստաթղթեր թողարկել, այդ թվում՝ նաեւ ապագա մեղքերի: Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանն այն անձն է, որը պետք է ներում շնորհի կամ ինդուլգենցիաների բաժանմամբ զբաղվի: Ես այդպիսի մեկ անձի եմ ճանաչում, նրա անունը Նիկոլ Փաշինյան չէ՝ Հիսուս Նազովրեցի է»,- ասաց Արմեն Աշոտյանը:

ԲՀԿ-ի հուշագիր ստորագրելու քայլը Արմեն Աշոտյանը չի մեկնաբանում, ասաց՝ դա իրենց իրավունքն է եւ ՀՀԿ-ին դրան հարգանքով են վերաբերվում: Նույն կերպ կվերաբերվեն նաեւ, եթե ՀՅԴ-ն նման դիրքորոշման հանգի:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031