Ադրբեջանից բռնագաղթված փախստականների բնակարանների խնդիրը 30 տարի է` չի լուծվում: Այսօր այս մասին ասաց Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը: Պարոն Ղազարյանը «Արմենպրես» մամուլի սրահում ներկայացրեց, թե իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում ինչ է արել: Ասաց, որ ներկայումս փախստականներին բնակարան ապահովելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում. «Փորձում ենք, տեսնենք, արդյոք հնարավոր կլինի՞ բյուջետային միջոցներով որոշ չափով մեղմել խնդիրը, հետագայում լուծել եւ այլընտրանքային տարբերակներ եւս փնտրում ենք»:
Ըստ նրա, փախստականները մեր երկրում ինտեգրման խնդիրներ էլ ունեն:
Ծառայության ղեկավարն ասաց, որ առաջին երկու եռամսյակի տվյալներով միգրացիան մեր երկրից նվազել է՝ կազմելով -6146, ինչը դրական է:
Մանրամասները՝ տեսանյութում
Հայաստանից ապաստան հայցողներն, այսպես ասած, «հանձնվողները» Եվրոպական միության եւ այլ երկրներում նվազել են: Ըստ պարոն Ղազարյանի, այսպիսի տվյալներ է հրապարակել Եվրոսթաթը: Անցյալ տարի նման 3270 դեպք է գրանցվել, այս տարի՝ 2490 դեպք:
«Սա էական նվազում է, մենք տեսնում ենք, որ մեր քաղաքացիները, որոնք գնում են եւ ապաստան են հայցում, այդ միտումը եւս նվազում է: Սա, երբ համադրում ենք մեր սահմանահատումների վիճակագրության հետ, մենք տեսնում ենք, որ ունենք դրական միգրացիոն դինամիկա»:
Պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե կառավարության նոր ղեկավարի կոչին որքա՞ն քաղաքացի է արձագանքել եւ ցանկություն հայտնել վերադառնալ նոր Հայաստանում ապրելու, տեղեկություններ ենք ստանում մասնավորապես՝ Եվրոպական երկրներից նրանց գործերն արագացնելու, դեպորտ անելու առնչությամբ: Հետաքրքրվեցինք՝ քանի նման ընտանիք է վերադարձվել կամ վերադարձի փուլում է:
Արմեն Ղազարյանն ասաց, որ ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակներում պատկերը հետեւյալն է. ստացված հայցերի թիվը 777-ն է, հայցերում նշված անձանց թիվը՝ 1571-ը:
Ըստ ծառայության ղեկավարի, երբ հայցը ստանում են, պետք է հաստատեն այդ անձի քաղաքացիությունը. «Պետք է ճշգրտվի, այդ անձն իսկապե՞ս ՀՀ քաղաքացի է, թե՝ ոչ: Քաղաքացիությունը հաստատվել է 1268-ի դեպքում, չհաստատված քաղաքացիների թիվը եղել է 253-ը: Ռուսաստանի Դաշնությունից ստացել ենք 36 հայց՝ 42 անձանց մասին, որոնցից չի հաստատվել 9-ի քաղաքացիությունը: 28-ինը հաստատվել է: Սա մենք խոսում ենք հարկադիր վերադարձի մասին»:
Ինչ վերաբերում է վերադարձածներին, ապա ծառայությունից հայտնեցին, որ այս թվերը դեռ չեն խոսում փաստացի վերադարձի մասին:
Ի դեպ, այս տարվա 9 ամիսների ընթացքում մեր երկիրը ապաստան հայցելու 84 հայց է ստացել՝ 145 մարդու համար, որից 36-ի հայցը դրական լուծում է ստացել 67 մարդու համար: Նրանց թվում կան էթնիկ հայեր եւ այլ ազգի ներկայացուցիչներ: 18 դիմում ընդհանրապես մերժվել է: Պարոն Ղազարյանի խոսքով, դիմումները հիմնականում Սիրիայից են, Իրաքից, Եմենից: Ի տարբերություն այլ երկրների, մեզ մոտ մինչ քննվում է ապաստան հայցողի դիմումը, նա կարող է մնալ հատկացված կացարանում, անգամ, երբ մերժում ստանալուց հետո պատասխանը բողոքարկում է Հայաստանի եռաստիճան դատարանում: Այդ ընթացքում էլ ապաստան հայցողին ապահովում են կացարանով եւ սնունդով:
Թե ովքեր կարող են ճանաչվել փախստական եւ ինչպես են նրանց փախստականի կարգավիճակ շնորհում, Արմեն Ղազարյանն ասաց, որ փախստական ճանաչվելու հիմքերը ամրագրված են 1951 թվականի Ժնեւի կոնվենցիայով ու փախստականների եւ ապաստանի մասին ՀՀ օրենքով. «Ժնեւյան կոնվենցիան առանձնացնում է 5 հիմք, դրանք են՝ ռասայական, կրոնական, հետապնդում քաղաքական հայացքի համար, սոցիալական որոշակի խմբին պատկանելը եւ այլն»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ