Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցություններն առաջարկում են ընտրագրավը հանել, արտերկրում քվեարկել, Ֆեյսբուքում քարոզչությունը վերահսկել

Հոկտեմբեր 09,2018 16:31

Կառավարությունում «Ընտրական օրենսգրքի» նախագծի քննարկման ժամանակ առաջարկեցին, որ արտերկրում նույնպես թույլ տան քվեարկել: Վարչապետին կից ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը պատասխանեց, որ միգուցե երկարաժամկետ կտրվածքով դա հնարավոր լինի կազմակերպել, բայց արտերկրում նախ շատերը հյուպատոսարաններում հաշվառված չեն, ո՞նց են ապահովելու քարոզչության հավասար պայմանները, հավասարությունը, ո՞նց են վերահսկելու, առավել եւս ընտրակաշառքի դեմ չեն կարող վերահսկել ընտրակաշառքի բաժանումը: Բացի այդ, կա փաստարկ, որ եթե մարդն արդեն վաղուց ապրում է արտերկրում, ՀՀ իշխանությունը ինչքանո՞վ է ազդում իր կյանքի վրա, դա մեր կյանքի որակի վրա է ազդում: Էլեկտրոնային քվեարկության եթե անցնեն, դա էլ իր հերթին խնդիրներ ունի՝ քվեարկության գաղտնիության հետ կապված:

Քննարկմանը մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչները հիմնականում առաջարկում էին ընտրագրավը հանել կամ շատ փոքրացնել, որպես փաստարկ բերում էին այն, որ գաղափարական պայքարը մի կողմ է մղվում: Առաջարկում էին ստորագրահավաքի տարբերակը կիրառել: Իոաննիսյանն արձագանքեց, որ իհարկե, օլիգարխների ազդեցությունը ընտրությունների կամ քաղաքական գործընթացների վրա պետք է նվազեցնել, բայց իրատեսական չի, որ ընտրագրավը հանեն: Իոաննիսյանը հիշեցրեց, որ ընտրագրավը չվճարելու համար ժամանակին Նարինե Մկրտչյանը դուրս մնաց ընտրություններից ու վիճարկեց այդ հարցը ՍԴ-ում: Ի վերջո որոշվեց, որ օրենսդրական կարգավորումը հակասահմանադրական չէ: Այն ժամանակ էլ առաջ քաշվեց ստորագրահավաքի տարբերակը, բայց հիմա այն իրագործելու համար ժամկետները պետք է թույլ տալ:

Առաջարկ եղավ, որ ընտրագրավը վճարեն ընտրացուցակում ներառված թեկնածուները:

Մասնակիցներից մեկն առաջարկեց, որ հենց նախագահը հրամանագիր տա արտահերթ ընտրությունների մասին, այդ ժամանակից թույլատրեն ստորագրահավաքը կազմակերպել ու ներկայացնել ԿԸՀ՝ գրանցման համար: Ընդ որում, արտահերթ ընտրությունների համար պետք է ուրիշ թիվ դնել ստորագրությունների, հերթական ընտրության համար՝ այլ: Իոաննիսյանն ասաց, որ այդ տարբերակը քննարկման առարկա կարող է դառնալ հանձնաժողովում:

Քննարկվեց նաեւ լռության օրը ֆեյսբուքում քարոզչության արգելքի հարցը: Իոաննիսյանը նշեց, որ պետք է այնպես անեն, որ գոնե կուսակցությունները իրենց ֆեյսբուքյան էջերից չկարողանան «sponsored»-ի տակ ակնհայտ քարոզչություն անեն` գովազդ պատվիրելով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031