Լրահոս
Օրվա լրահոսը

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ուրվականը բացահայտեց քաղաքական ուժերի սնանկությունը

Հոկտեմբեր 09,2018 16:28

Որ գործող խորհրդարանը չի արտահայտում քաղաքական ուժերի իրական պատկերը, դրանում համոզված էին համարյա բոլորը: Բայց, որ այդքան մեծ կլիներ անհամապատասխանությունը ժողովրդի ցանկության և գործող խորհրդարանում ստացված մանդատների բաշխվածության պատկերի միջև, հիմնավորապես փաստվեց թավշյա հեղափոխության հաղթանակից հետո:

Արտահերթ ընտրությունների անցկացման հրամայականը պատռեց քաղաքական դաշտի դիմակը և ի ցույց դրեց այդ դաշտի իրական պատկերը: Վերջին 20-25 տարիների ընթացքում ժողովուրդն առաջին անգամ ազատագրվեց տարաբնույթ կապանքներից և իր իրական վերաբերմունքն արտահայտեց քաղաքական ուժերի նկատմամբ:

Այս պահին շատ յուրահատուկ պատկեր ունի քաղաքական դաշտը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը` հիմնականում պայմանավորված Նիկոլ Փաշինյանի անձով, համակրում է ընտրողների մոտ 80-85 տոկոսը, իսկ մնացած քաղաքական ուժերը միասին վերցրած ունեն մոտ 15-20 տոկոս ձայն /սրանց մեջ ներառված են նաև չկողմնորոշված ձայները/:

Եթե «Քաղաքացիական պայմանագիր»-ը այլ ուժերի հետ դաշինք չկազմի և մինչև դեկտեմբերին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները ֆորս-մաժորներ չլինեն Հայաստանում, ապա կարելի է ենթադրել, որ նոր խորհրդարանը կունենա վերը նշված տոկոսներից չնչին չափով տարբերվող պատկեր: Ասվածն ընդամենը վկայում է, որ քաղաքական ուժերը շատ բան ունեն մտածելու և եթե իրենց գործողություններում կտրուկ շրջադարձեր չանեն, ապա ապագա խորհրդարանում ներկայացված կլինեն մոտավոր վերը նշված համամասնությամբ և քվոտաների առումով խորհրդարանում համարյա բան չի փոխվի, ավելին` հանրապետականի 53 ձայնը կփոխարինվի Քաղպայմանագրի մոտ 80 ձայնով, որը բացարձակ մեծամասնություն է` զուտ որակական մի տարբերությամբ, որ կարտահայտի ժողովրդի կողմից տրված իրական քվեները:

Սա իրականում կլինի ժողովրդավարական ճանապարհով ձեռք բերված պատկեր, սակայն այստեղ կբացակայի ժողովրդավարության հիմնական բաղադրիչներից մեկը` մրցակցությունը, որն էապես կնվազեցնի խորհրդարանի աշխատանքների որակը և արդյունավետությունը:

Ավելորդ չէ ևս մեկ անգամ արձանագրել, որ ժողովրդավարական այս մեծ հաղթանակի հնարավորությունն ընձեռվել է Նիկոլ Փաշինյանի` որպես քաղաքական գործչի մեծ համառության, կամքի, համարձակության, հայրենասիրության և նմանատիպ այլ հատկանիշների շնորհիվ, ում քաղաքական սխրագործությունը զարմացրել է աշխարհին, որի հետ հաշվի են նստում անգամ ավտորիտար երկրների ղեկավարները: Եվ այդ ամենը ընդամենն այն պատճառով, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն իրականացվել է բաց և թափանցիկ, առանց ինտրիգների, ժողովրդի միակամ ցանկությամբ` օրը ցերեկով ու աշխարհի աչքի առջև: Այլ խոսքով, տեղի ունեցածը կատարված փաստ է, իսկ փաստերի հետ դժվար է հաշվի չնստել:

Դժվար չէ կռահել, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը իրականում որքան անցանկալի է որոշ երկրների ղեկավարների համար, որոնց մի մասը հոգու խորքում կարող են անգամ ատել Նիկոլ Փաշինյանին, քանզի դա կարող է վարակիչ լինել նաև այդ երկրների համար, սակայն նա այլընտրանքի ճանապարհ չի թողել ոչ մեկին և նրանք պարտադրված ողջունում ու համագործակցության պատրաստակամություն են հայտնում Հայաստանի վարչապետին:

Եվս մեկ անգամ ուզում եմ բարձրաձայնել, որ այս ամենը Նիկոլ Փաշինյանին հաջողվեց Տիրոջ մեծ բարեհաճությամբ ու նրա հովանու ներքո: Սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերի համար Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է ազատ մրցակցության դաշտ և ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե նրանք ինչպես կդրսևորեն իրենց այդ թափանցիկ ընտրապայքարում, որի արդյունքները կտան այդ քաղաքական ուժերի նկատմամբ ժողովրդի իրական համակրանքը, ինչպես նաև հստակ կարձանագրվի այդ ուժերի քաղաքական կշիռների իրական համայնապատկերը:

Նշեմ միայն, որ բացի «Քաղաքացիական պայմանագիր» և ինչ-որ չափով նաև «Ելք» դաշինքի մյուս երկու`«Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցություններից, մնացած քաղաքական ուժերի համար չափազանց դժվար է լինելու ձայներ ստանալը, քանզի ժողովուրդը ֆանատիկորեն պատրաստակամ է իր ձայնը տալ Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը:

Սպասվող ընտրապայքարին շատ, թե քիչ լրջություն կարող է հաղորդել մի իրավիճակ միայն, եթե մնացած քաղաքական ուժերը /իհարկե կարծում եմ, որ «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունները չեն համաձայնի/ կարողանան միավորվել մեկ դաշինքի մեջ, որի կազմավորմանն իհարկե կարելի է մեծ վերապահումով նայել, քանզի հայի մենթալիտետը և նախկինում տեղի ունեցած նմանատիպ դառը փորձերը հիմնականում պսակվել են անհաջողությամբ:

Ամեն դեպքում, ինչպես նշվեց վերևում, որպեսզի խուսափենք ապագա Ազգային ժողովում քաղաքական ուժերի ոչ մրցակցային իրավիճակից, որն իր հերթին բերելու է նաև այդ մարմնի աշխատանքների արդյունավետության և որակի նվազեցմանը, ապա այդ անցանկալի իրողություններից շատ, թե քիչ խուսափելու միակ տարբերակը նմանատիպ դաշինքի ձևավորումն է, որն ինչ-որ չափով կնվազեցնի մեկ քաղաքական ուժի մենաշնորհային կարգավիճակի ձևավորման հնարավորությունը ապագա Ազգային ժողովում:

Անկեղծ ասած, եթե նրանք առաջնորդվեն այսօրվա գործելաոճով, ապա խիստ կասկածներ են արձանագրվում` որևէ ձեւաչափով դաշինքի ձևավորման հնարավորության, ինչպես նաև ապագա Ազգային ժողովում նրանց լուրջ ներկայացվածության մասով:

 

Անանիա Մաղաքյան

Քաղաքագետ, վերլուծաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031