Երեկ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն կողմ արտահայտված ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը դեռ չի որոշել՝ ՀՀԿ խմբակցությունից դո՞ւրս է գալու, թե՝ ոչ: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Տաճատ Վարդապետյանը: Տաճատ Վարդապետյանն, ի դեպ, իր այս որոշման մասին իրազեկել է Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ խմբակցության ղեկավարին: Սերժ Սարգսյանի հետ հանդիպում-զրույցից մանրամասներ պատգամավորը չի հրապարակում: Իսկ խմբակցությունում իր իրազեկումը բավական սառն է ընդունվել:
Ինչեւէ, Տաճատ Վարդապետյանը չի ընկրկել, նա մնում է իր համոզմանը՝ ցնցումներից խուսափելու համար ժողովրդի ձայնին ականջալուր պետք է լինեն:
Aravot.am-ի հարցին՝ չի՞ պատրաստվում մանդատը վայր դնել, Տաճատ Վարդապետյանն ասաց՝ ոչ, որովհետեւ մանդատը իրեն որեւէ մեկի կողմից արված շնորհ չէ, իր համակիրների քվեարկության արդյունք է:
Հիմնավորելով իր որոշումը, Տաճատ Վարդապետյանն ասաց, որ այն պայմանավորված է իր ղեկավարած հայրենակցական միության անդամների ցանկություններով, իր դիրքորոշումն էլ է համընկնում այդ ցանկություններին: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի՝ Ջավախք կատարած այցի ժամանակ Տաճատ Վարդապետյանը այնտեղ է եղել: Ասաց՝ տեսել է, թե Հայաստանի վարչապետին ջավախահայերը ինչ ցնծությամբ են ընդունում: Մեր հարցին՝ ինչո՞ւ այն ժամանակ չկատարեց իր ընտրությունը, Տաճատ Վարդապետյանը պատասխանեց, որ հենց այդ ժամանակ էլ կատարել է ընտրությունը, այն արտահայտելու եւ դրսեւորելու պատեհ պահը այժմ է եղել:
Հիշեցնենք՝ 16 պատգամավորներ արդեն իսկ հայտարարել են, որ կողմ են, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրությունները անցկացվեն դեկտեմբերին: Նրանցից 9-ը ՀՀԿ խմբակցության անդամներ են, իսկ մի մասը ավելի վաղ էին լքել ՀՀԿ խմբակցությունը:
Արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու նախաձեռնությանը միացել էր նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը: Նա այդ նախաձեռնությանը միացել էր ավելի վաղ, մինչ «Ծառուկյան» խմբակցության ղեկավարը Նիկոլ Փաշինյանի հետ այդ մասին հուշագիր կստորագրեր: Aravot.am-ի տեղեկություններով՝ Իշխան Զաքարյանը ինքնակամ է միացել այս նախաձեռնությանը, իսկ մինչ այդ մի քանի անգամ փորձեր է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու եւ նրան իր հավատարմությունը հայտնելու: Բոլոր փորձերը անհաջողությամբ են ավարտվել: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանական շրջանակներում բնավ չեն ոգեւորվել Իշխան Զաքարյանի այդ պատրաստակամությունից, մանավանդ որ, զուտ մաթեմատիկորեն նրա միանալ-չմիանալը որեւէ իրողություն չի փոխում: Նաեւ խոսակցություններ կան, որ իր այդ քայլով Իշխան Զաքարյանը չի կարողանալու փրկվել նախկինում կատարած մի շարք արարքների պատասխանատվությունից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ