Հոկտեմբերի 9-ին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի գրասենյակում տեղի ունեցավ «Համադրելով վրացական «Վարդերի» և հայկական «Թավշյա» հեղափոխությունները» խորագրով փորձագիտական քննարկումը։
Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ՄԱՀՀԻ հիմնադիր և հետազոտական ծրագրերի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։ Նա նշեց, որ հանդիպման նպատակն է զուգահեռներ անցկացնել հարևան երկու երկրներում՝ Վրաստանում և Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունների և դրանց հաջորդած զարգացումների միջև։
Քննարկման գլխավոր բանախոս, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը մանրամասն ներկայացրեց երկու հեղափոխությունները, ինչպես նաև «Թավշյա» և «Վարդերի» հեղափոխությունների՝ իր կողմից առանձնացված նմանություններն ու տարբերությունները։
Ըստ Մկրտչյանի թե՛ Վրաստանում, և թե՛ Հայաստանում բողոքի միջոցառումները սկսեցին մի խումբ երիտասարդներ և երկրի ղեկավարի հրաժարականին հասան 20-օրյա բողոքի ցույցերի արդյունքում։ Նմանություններ կային նաև կարգախոսների ու խորհրդանիշների միջև։
«Վրաստանի դեպքում հեղափոխության խորհրդանիշը վարդերն էին, իսկ Հայաստանի դեպքում, իմ համոզմամբ՝ ուսապարկը»,-ասաց Մամուլի ազգային ակումբի նախագահը։
Անդրադառնալով տարբերություններին՝ նա նշեց, որ Վրաստանը որդեգրեց արևմտյան ուղղությունը վերանայելու արտաքին քաղաքական ուղեգիծը, իսկ Հայաստանը շարունակեց ՀՀԿ-ի քաղաքականությունը և Փաշինյանը վերանայեց ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության դադարեցման իր մոտեցումը։
Նրա խոսքով՝ Սահակաշվիլին նոր քաղաքական միտք ձևավորեց, իսկ Հայաստանում հեղափոխությունը չլուծեց այդ հարցը։
Իր հերթին քաղաքագետ Նարեկ Մինասյանը նշեց, որ Վրաստանի դեպքում կային ընդգծված երեք առաջնորդներ, նաև առկա էր արտաքին ուժերի միջամտությունը, ինչը չենք կարող ասել հայկական «Թավշյա» հեղափոխության դեպքում։
Սոնա ԳԵՎՈՐԳՅԱՆ