Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սահմանադրություն ունենք, լավն ա վատն ա՝ էդ ա». Իոաննիսյանի պատասխանը՝ քննադատություններին

Հոկտեմբեր 09,2018 15:02

Կառավարությունում Ընտրական բարեփոխումների հանձնաժողովը քննարկում է կազմակերպել «Ընտրական օրենսգրքի» նախագծի հետ կապված:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանն ասաց, որ իրենց առաջարկները տեղ են գտել նախագծում՝ ռեյտինգայինը հանելու եւ նաեւ կոալիցիաներ ձեւավորելու հետ կապված արհեստական խոչընդոտն է հանվել, ինչը ողջունելի է: Նախընտրական հիմնադրամի ծախսերի հետ կապված Անժելա Խաչատրյանն ասաց, որ ամրագրվել է, որ կամավոր կուսակցության համար աշխատողների աշխատանքը որպես ծախս չի ներառվում, այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչպե՞ս պետք է ապացուցեն՝ շտաբում աշխատողը կամավո՞ր հիմունքներով է աշխատել, խնդրահարույց է լինելու դա: Իոաննիսյանը պատասխանեց, որ եթե անձը վճարվում է, նախընտրական հիմնադրամից պետք է վճարվեն, այսպիսին է օրենքի պահանջը:

Նոր նախագծով նաեւ առցանց ԶԼՄ-ներն են վճարովի եթերաժամանակ կամ հարթակ տրամադրելու համար մոնիտորինգի տակ մտնելու: Այս առնչությամբ հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը պատասխանեց, որ քանի որ առցանց ԶԼՄ-ների քանակն ավելացավ եւ իրենց լեգիտիմությունը բարձրացավ, շատ առցանց հեռարձակողներ ավելի շատ դիտողներ ունեն, քան վերգետնյա հեռարձակողներ: Բայց, օրինակ, Վիետնամում գտնվող ու այնտեղից թեկուզ ՀՀ լսարանի համար աշխատող ԶԼՄ-ն, եթե ուզում է գումար աշխատել, նրանց չէին կարող պարտադրել ՀՀ իրավական նորմերը, ուստի պայման են դրել, որ այն առցանց ԶԼՄ-ները, որոնք ուզում են գովազդ վաճառել եւ հայտ են ներկայացնում, պետք է հաստատեն, որ իրենք Հայաստանի իրավական դաշտում են գործում:

Նախագծում կանանց մասնակցությունը ընտրացուցակում ամրագրվել է 30 տոկոս՝ 25 տոկոսի փոխարեն: Բայց քանի որ առաջ ռեյտինգային ընտրակարգ կար չէր հաջողվում խորհրդարանում ապահովել այդ 25 տոկոս կանանց մասնակցությունը: Հիմա ռեյտինգայինից հրաժարվում են ու գործնականում, ըստ Իոաննիսյանի, կապահովվի այդ թիվը: Ինչ վերաբերում է ազգային փոքրամասնություններին, ամեն քաղաքական ուժ իր ստացած 19 մանդատների դիմաց ստանում է  1 ազգային փոքրամասնության ներկայացուցչի տեղ: 38 մանդատ կստանա, 2 տեղ կունենա ազգային փոքրամասնության համար: Դժգոհություններ եղան, թե քվոտավորումը ո՞րն է, հանեք, ազգային փոքրամասնության մանդատները հանեք: Իոաննիսյանն արձագանքեց. «Սահմանադրություն ունենք, լավն է, վատն է՝ էդ է»:

ԱԺ-ն 35 առաջարկ էր ներկայացրել հանձնաժողովին: Իոաննիսյանն ասաց, որ դրանց մի մասն ընդունվել է կարճաժամկետ լուծումների տեսքով, եղել են առաջարկներ, որոնք հանձնաժողովի կողմից սատարվել է, բայց դրանք կարճ ժամկետներում իրագործելի չեն եղել, օրինակ, մատնահետքերի միասնական բազայի ստեղծումը. «Դրա իրագործման համար պետք է 2 տարի ժամկետ, ոստի դա կարճաժամկետ լուծումներից հանվել է: Փոխարենը ցուցակների մաքրման տարբերակ է մտցվել, որի արդյունքում ցուցակներից մոտ 150 հազար մարդ կմաքրվի, ովքեր վաղուց ՀՀ-ում չեն ապրում»: Իոաննիսյանը հույս հայտնեց, որ ԱԺ-ում ԸՕ-ի շուրջ կոնսենսուս կլինի, հակառակ պարագայում, եթե Ընտրական օրենսգրքի նախագիծն ԱԺ-ում չընդունվի, դա ցավոտ կլինի: Մյուս կողմից էլ, քննարկումների ժամանակ գրեթե բոլորը նշում են, որ այս նախագիծն ավելի լավն է, քան գործողը, այսինքն, քայլ առաջ է:

Առաջարկ եղավ համամասնական բաց ցուցակների տարբերակը կիրառել, որ ԱԺ-ում լայն կոնսենսուս լինի, Իոաննիսյանն էլ ասաց, որ դրանով նորից օլիգարխները կգային ԱԺ, մինչդեռ կառավարության գործունեության ծրագրում, որը հաստատվել է ԱԺ-ում, գրված է, որ ռեյտինգային առհասարակ չի լինելու:

«Այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Էդգար Առաքելյանը առաջարկեց ԱԺ անցողիկ շեմն իջեցնել ու դարձնել 3 տոկոս եւ թույլ տալ ընտրագրավը օգտագործել նախընտրական քարոզարշավի ժամանակ: Իոաննիսյանը պատասխանեց, որ այդ տարբերակով ընտրագրավն իմաստ չի ունենա:

Քննարկման ժամանակ եղավ առաջարկ, թե՝ ԱԺ-ի դռները բացել եք, նորմալ բացեք, թող որ կուսակցությունն ուզում է՝ մասնակցի: Իոաննիսյանը բացատրեց, թե ուր կտանի դա գործնականում, հանձնաժողովներում ո՞նց են այդ 60-ի վստահված անձինք, հանձնաժողովականները լինելու, ո՞նց է ընտրողը 60 քվեաթերթիկների մեջից ընտրելու նրան, ում ուզում է կամ 60-ի հեռուստաբանավեճը ո՞նց են պատկերացնում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031