Կառավարությունում Ընտրական բարեփոխումների հանձնաժողովը շարունակում է «Ընտրական օրենսգրքի» նախագծի հետ կապված քննարկումը:
ԱԻՄ-ական Գագիկ Սարուխանյանը դժգոհեց, որ Սահմանադրական փոփոխությունների առաջարկ էին արել, որը մնացել է անարձագանք: Նա ասաց, որ եթե վերջին 5 ամիսը չկորցնեին, այսօր ստիպված չէին լինի հապճեպ արտահերթ ընտրություններ անել ու ընտրել վարչապետ: Ըստ Սարուխանյանի, նվազագույն շեմը ԱԺ անցողիկի համար պետք է սահմանվի 1 տոկոս, այսինքն՝ 15 հազար մարդու ձայնը պետք է հաշվի առնել, որովհետեւ ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է. «Մենք գոռացինք «Մերժիր Սերժին», բայց այսօր ծափահարում ենք Սերժի կեղծած Սահմանադրությանը, օրինականացնում ենք եւ դնում ենք առաջ»: Ըստ Սարուխանյանի, 7,5 մլն ընտրագրավը որտեղի՞ց ճարեն այն կուսակցությունները, որոնք տարիներ շարունակ հանցավոր ռեժիմի դեմ կռիվ են տվել, ջիպերով ֆռֆռացող օլիգարխների դեմ կռիվ են տվել, ոստիկանության բաժիններում քարշ են եկել՝ քաղաքական պայքար տանելով ու «մաշեցրել» են իրենց, ավելի շուտ կվճարեն այդ ջիպեր ունեցողները, որոնք խանութներ ու օբյեկտներ են դրել՝ սատարելով նախկին ռեժիմին: Նա առաջարկեց ընտրագրավը առհասարակ հանել:
Հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը պատասխանեց, որ սահմանադրական փոփոխությունները իրենց հանձնաժողովի հետ կապ չունեն, ինչ վերաբերում է անցողիկ շեմին կամ ընտրագրավին, նա ասաց, որ կքննարկեն, բայց համաձայն չէ, որ վերջին 4-5 ամիսները կորցրել են. «Բավականին պրոդուկտիվ օգտագործել ենք, տարբեր լուծումների հնարավորություններ ենք օգտագործել: Վերջում մի փոքր ժամանակ կորցրել ենք, որ սպասենք, տեսնենք Երեւանի ավագանու ընտրություններում ինչ խնդիրներ են ի հայտ գալիս, որ այդ խնդիրները լուծեինք ԸՕ-ով»:
ԱԻՄ գլխավոր քարտուղար Արկադի Վարդանյանն էլ դժգոհեց, որ «Ընտրական օրենսգրքի» նախագծում արհեստական խոչընդոտներ կան, օրինակ, կանանց մասնակցության հետ կապված, պետք է թվերը հանեն, գենդերային ներկայացուցչականությունը չենք ապահովելու խորհրդարանում, այլ՝ քաղաքական ներկայացուցչականությունը. «Ասում ենք ժողովուրդն է որոշում, բայց ժողովրդին ասում ենք՝ մենք ոնց որոշենք, դուք այդպես կորոշեք, իրար չի բռնում: Էս արտահերթ ընտրություններով, էս կիսատ-պռատ փոփոխություններով չի կարելի: Լավ, սա ժամանակավոր ընդունենք, խորհրդարանը անդրադառնա նոր Սահմանադրությամբ: Մենք գնում ենք նախորդ ռեժիմի կմախքով: Կան չէ՞ գեշ կանայք, որ այնպես են շպարվում, կասես եսիմ ինչ է, մոտենում ես՝ տակից երեւում է ամեն ինչ, եկեք մենք մեզ չխաբենք»: Դանիել Իոաննիսյանը պատասխանեց, որ սեռերի ներկայացվածության հետ կապված իրականությունն այն է, որ կանայք ավելի դժվարությամբ են զբաղվում քաղաքականությամբ ու ուզում են քվոտաներով այդ խնդիրը լուծել: Երբ պարզ կդառնա, որ կանայք ավելի վատ քաղաքական գործիչներ չեն, քան տղամարդիկ, քվոտավորումը կհանեն, սա ժամանակավոր լուծում է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ