Ռուսաստանի Ամուրի մարզում ավտոճանապարհային կամուրջ է փլուզվել, երբ դրա վրայով բեռնատար է անցել: Պարզվել է, բեռնատարի վարորդը Հայաստանի քաղաքացի է. նա ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ի առավոտյան: Կադրերում երևում է, որ կամուրջը փլուզվում է այն բանից հետո, երբ դրա վրայով փորձում է անցնել բեռնատարը: Փլուզվելուց վայրկյանները առաջ կամուրջի տակով գնացք է անցնում:
Տուժածը, որի անունը չի հաղորդվում, տեղափոխվել է հիվանդանոց սրունքի բաց կոտրվածքով, կրծքավանդակի վնասվածքով և ոտնաթաթի կոտրվածքով: Նրան մեկ անգամ վիրահատել են, սպասվում է նաև երկրորդ վիրահատություն:
Տուժածի մորեղբայրը՝ Արսեն Կսպոյանը, տեղի լրատվամիջոցներից մեկին պատմել է, որ նա Հայաստանի քաղաքացի է և Երևանից Ռուսաստան էր եկել մի քանի ամիս առաջ:
«Ես ֆիզիկական անձ եմ, բեռնատարն իմն է: Ղեկին եղել է իմ քրոջ որդին»,- ասել է նա:
Նախնական տեղեկություններով՝ կամուրջի փլուզման պատճառ է եղել գերծանրաբեռնվածությունը: Արսեն Կսպոյանն ասել է, որ բեռնատարի քաշը եղել է 17 տոննա, իսկ բեռը՝ 15-20 տոննա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ