Այսօր կառավարության Ընտրական բարեփոխումների հանձնաժողովը «Ընտրական օրենսգրքի» նախագծի հետ կապված քննարկում էր կազմակերպել:
Հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը ներկայացրեց նախագիծը: «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ողջունում է եւ աջակցում է, որ այդ նախագիծն ընդունվի, բայց առաջարկեց, որ կուսակցությունների համար անցողիկ շեմն է՛լ ավելի իջեցվի, ոչ թե 4 տոկոս դառնա, այլ՝ 3, կամ եթե անցողիկ շեմը չի իջեցվում, օրենսգրքում ամրագրվի, որ ԱԺ-ում պետք է ներկայացված լինեն ոչ թե առնվազն 3, այլ առնվազն 5 ուժեր, որ քաղաքական ներկապնակ լինի: Բացի այդ, Արմեն Մարտիրոսյանն առաջարկեց, որ ընտրագրավը նույնպես փոքրացնեն, որովհետեւ կուսակցությունները, որոնք քարոզարշավ պիտի անեն, այդպիսի մեծածավալ գումարը պահուստ դնելը խնդիրներ է առաջացնելու: Դանիել Իոաննիսյանը պատասխանեց, որ իրենք 10 մլն-ից ընտրագրավն իջեցրել են մինչեւ 7.5 մլն:
ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը միացավ «Ժառանգության» առաջարկին ու ասաց. «Ժողովրդավարական սկզբունքին բացարձակ դեմ է ընտրագրավ հասկացությունը: Չի կարելի կուսակցություններին պարտադրել, որ նրանք այդպիսի գումար մի կողմ դնել: Կուսակցությունը չպետք է փող դնի, որ կարողանա մասնակցել ընտրություններին, դա նոնսենս է»:
Նա նաեւ հարցրեց՝ եթե մի դաշինք հավաքի 5,8 տոկոս եւ կուսակցությունը հավաքի 3,8 տոկոս, ինչպե՞ս է հաշվարկ արվելու, ո՞ր ուժն է անցնելու խորհրդարան: Իոաննիսյանը պատասխանեց՝ այն ուժը, որը ավելի շատ ձայներ է հավաքել, տվյալ դեպքում՝ դաշինքը: Իոաննիսյանը պատասխանեց, որ եթե շատ ցածր անցողիկ շեմ դնեն կայունությունը կարող է վտանգվել ու ոսկե միջին փնտրելով՝ հանգել են այդ թվերին, որ ընտրագրավ պետք է մուծեն ու անցողիկ շեմը լինի 4 տոկոս եւ 6 տոկոս:
Առաջարկվեց ընտրագրավը փոխարինել ստորագրահավաքով: Իոաննիսյանը պատասխանեց, որ արտահերթ ընտրությունների ժամանակ, եթե ստորագրահավաքի ինստիտուտն ենք մտցնում, դրա համար պետք է ժամանակ հատկացվի, դա նշանակում է, որ նախընտրական քարոզչությունը պետք է կարճ լինի. «Եթե ստորագրահավաքի համար տրամադրենք 10 օր, նախընտրական քարոզչությանը մնում է 4-5 օր, որը ողջամիտ ժամկետ չէ»: Նա ասաց, որ արտահերթից հետո կարելի է վերանայել ու ավելի շռայլ ժամկետներ նախատեսել հետագայում: Ինչ վերաբերում է ընտրագրավի չափին, Իոաննիսյանն ասաց, որ քննարկումների արդյունքում են որոշել 7,5 տոկոս սահմանել, ի սկզբանե հակված են եղել 10 մլն-ը թողնել անփոփոխ:
Արշակ Սադոյանը բողոքեց՝ ստացվում է, որ խորհրդարան պիտի գան ինչ-որ ձեւով ապահովվածնե՞րը. «Եթե ընտրությունները արտահերթ են եւ պետք է շտապ միջոցներ հավաքվեն գրավը մուծելու համար, դառնում է հետեւյալը՝ որ կուսակցության մեջ կան օլիգարխներ, հարուստներ, նրանք միանգամից կմուծեն, նրանց համար պրոբլեմ չկա: Իսկ նրանք, ովքեր պետք է հավաքեն այդ միջոցները, ուղղակի ժամանակ չեն ունենա հավաքելու, ու կստացվի, որ գրավը արհեստականորեն մղում է դեպի օլիգարխական ընտրություններ»: Սադոյանը առաջարկեց, որ այնպիսի նորմ մտցնեն, որ այդ գումարը ոչ թե օլիգարխները տան, այլ հասարակական կարգով հավաքվեն, հասարակությունը մասնակցի ընդհանուր ուժերով. «Ստիպում եք, որպեսզի հարուստների կուսակցությու՞ն լինի ու մասնակցի ընտրություններին»:
Դանիել Իոաննիսյանը պատասխանեց, որ եթե կուսակցությունը մասնակցում է ընտրություններին, նշանակում է հավակնում է անցողիկ շեմը հաղթահարել, դա նշանակում է, որ եթե կուսակցությունն իր հնարավոր ամեն ընտրողից հավաքի մոտ 150 դրամ, ընտրագրավը կարող է վճարել. «Օրենքը որեւիցե ձեւով չի խանգարում, որպեսզի կուսակցությունները հենց այսօր սկսեն իրենց համակիրների շրջանում դրամահավաք անել: Կան կուսակցություններ, որոնք ընտրական փուլերից անկախ՝ պարբերաբար դրամահավաք են անում: Մենք էապես ավելացնում ենք քարոզչական հնարքները, որոնք հանրային միջոցների հաշվին են լինելու՝ Հ1-ով հեռուստաբանավեճերը, ռադիոյով անվճար եթերաժամանակը, ու եթե ընտրագրավն էլ հանվի, կուսակցությունները, որոնք որեւէ շանս չունեն ընտրություններում հաղթելու, ուղղակի կգան, կմասնակցեն ընտրություններին, որպեսզի զուտ ստանան անվճար եթերաժամանակ ու դա կօգտագործեն սկսած կոմերցիոն գովազդից, որովհետեւ դա չի խմբագրվում, վերջացրած ինչ-որ կուսակցության դեմ հակաքարոզչություն անելով: Արդյունքում քարոզարշավը կվերածվի անհեթեթության»:
Սադոյանը հակադարձեց, որ այդ կուսակցությունները, որոնք նպատակ չունեն ընտրվելու, որոնց համար գրավ մուծելը պրոբլեմ չի, իրենց 7 մլն գրավը կմուծեն ու 20 մլն-ի գովազդ կանեն: Ստացվում է, որ քաղաքական նպատակներ չունեցող կազմավորումների համար նման դաշտ են ստեղծում, որը խեղդում է իրական կուսակցություններին: Իոաննիսյանը պատասխանեց, որ ընտրագրավը արտահերթ ընտրություններին նվազեցնելու առաջարկը կգրանցի եւ հանձնաժողովում կքննարկեն, գուցե վերջնական տարբերակում տեղ գտնի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ