«Յուրահատուկ իրավիճակ է, որտեղ մենք աշխատելու ենք, Երևանը ունի մեծ խնդիր, դա միջոցների արդյունավետ ծախսումն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Աբովյանը։
Նրա խոսքով, իրենք հրաժարվել են ծառայողական մեքենաներից. «Տրանսպորտի հարցով զբաղվողները լավ կլինի տրանսպորտով երթևեկեն խնդիրները հասկանալու համար… խմբակցության աշխատանքը լինելու է պարզ, բացառապես թափանցիկ: Ես կոչ եմ անում մեր համաքաղաքացիներին մեզ հանգիստ չթողնել, խնդիրների մասին բարձրաձայնել»։
Ավագանու անդամ Միքայել Մանրիկյանն էլ ասաց, որ իրենց ուշադրության կենտրոնում լինելու է պոլիկլինիկաների խնդիրը եւ մոտ ժամանակներս, երբ իրենց հասանելի կլինեն բոլոր փաստաթղթերը, կներկայացնեն առողջապահական ոլորտի բարեփոխումների իրենց տեսլականը: Ըստ նրա՝ զբաղվելու են նաեւ մանկապարտեզների խնդրով, որովհետեւ ծնողների բողոքները շատ են.«Երեխան արդեն դպրոց է գնում, բայց դեռ մանկապարտեզի հերթի մեջ է»:
Խմբակցության ղեկավարն էլ հավելեց, որ իրենց միակ առաքելությունը երեւանցու վրայից ավելորդ ֆինանսական բեռը հանելն է. «Թե պոլիկլինիկաների, թե բոլոր պահերով: Մինչեւ այսօր այդ տխրահռչակ կարմիր գծերը կան, մենք ուզում ենք հասկանալ, թե ինչ համակարգ է կիրառվել կարմիր գծերը ներդնելու հետ կապված, առհասարակ բոլոր վճարովի գործառույթների առումով, պետք է վերանայել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ