Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տնտեսական ակտիվությունը այդ 5 ամիսների ընթացքում նվազել է շուրջ 3 տոկոսով՝ հունվար-մարտին եղած 10,6 տոկոսից իջնելով մինչեւ 7,7 տոկոսի. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 09,2018 12:55

Ակնհայտ է, որ Փաշինյանի կառավարման հինգ ամիսները ոչ միայն աչքի չեն ընկել տնտեսական հաջողություններով, այլեւ արձանագրել են նկատելի հետընթաց: Հիշեցնենք, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունը այդ 5 ամիսների ընթացքում նվազել է շուրջ 3 տոկոսով՝ հունվար-մարտին եղած 10,6 տոկոսից իջնելով մինչեւ 7,7 տոկոսի: Ընդ որում՝ տնտեսության իրական հատվածի ճյուղերից գյուղատնտեսության մեջ արձանագրվել է անկում՝ 1 տոկոս, այն դեպքում, երբ սեզոնը բարենպաստ էր եւ բերքառատ:

Տնտեսության մյուս կարեւորագույն ճյուղում՝ արդյունաբերությունում, առաջին երեք ամիսներին աճը եղել էր 8,2 տոկոս, հունվար-օգոստոսին այն արդեն 4,4 տոկոս է: Ավելին՝ օգոստոսին հուլիսի համեմատ արդեն անկում էր գրանցվել 2,6 տոկոսով: Աճի տեմպի նվազումն առավել աղետալի է շինարարության ոլորտում՝ տարվա առաջին եռամսյակում այստեղ 23 տոկոս աճ էր, մինչդեռ 9 ամիսների արդյունքով աճը դարձել է ընդամենը 8,5 տոկոս:

Տնտեսական նման ցուցանիշների առկայության պարագայում ակնկալել սոցիալական փոփոխություններ, ինչի մասին խոստացել էր «թավշյա» հեղափոխության վարչապետը, բնականաբար անիմաստ է: Այդ մասին ուղղակիորեն հայտարարեց նաեւ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ շեշտելով նաեւ, որ սխալ կլինի այդ նպատակով պարտք վերցնելը:

Հայտարարվող հարկահավաքման ավելացման մասին հայտարարություններն էլ ավելի շուտ տպավորություն ստեղծելու համար են, քանի որ յուրաքանչյուր տարի նախորդ տարվա համեմատ որոշակի չափով ավելի հարկեր են հավաքվում, եւ այս տարի նույնպես գործ ունենք համանման գործընթացի հետ, բայց ոչ ավելին:

Այսպես թե այնպես, աշխատավարձերի աճ 2019-ին չի լինելու: Նույնը կարելի է ասել թոշակների մասին: Այստեղ եւս Նիկոլ Փաշինյանը գործի է դնում իր գլխավոր զենքը՝ խոստումներ տալ, հետագայում դրանց չիրականանալը ուրիշի վրա բարդելու համար: Նա նշում է, որ այս բյուջեում դեռ փոփոխություններ պետք է լինեն, որ պետք է լինեն թոշակների եւ աշխատավարձերի բարձրացում եւ այլն:

Մյուս կողմից էլ նվազագույն կենսաթոշակի բարձրացումը՝ 18 հազար դրամից 25 հազար դրամի թյուրիմացության մեջ է գցում մեր տարեց քաղաքացիներին: Նրանք լսում են միայն կենսաթոշակի բարձրացում եւ կարծում են, թե դա վերաբերում է բոլոր կենսաթոշակառուներին: Մինչդեռ խոսքը միայն այն կենսաթոշակառուների մասին է, որոնք ընդհանրապես չունեն աշխատանքային ստաժ եւ պետությունից ստանում են վերոնշյալ 18 հազար դրամը, որը կոչվում է ծերության նպաստ: Նրանք կենսաթոշակառուների չնչին մասն են:

Գազի եւ էլեկտրական էներգիայի գների իջեցման խոստումը եւս մնում է առկախ: Այն, մեղմ ասած, իրատեսական չէ, որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, թե գազի գինը քննարկելու է Ռուսաստանի նախագահի հետ, կամ նրա ստեղծած աշխատանքային խմբի անդամը հայտարարի, թե հնարավոր է գազի գնի իջեցում 10 տոկոսով, հոսանքի գնի իջեցում 10 դրամով:

ՍԱՀԱԿ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031