Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Մարտիրոսյան. «Այս տարվա մայիսից հանրապետությունն ապրում է լատենտ ճգնաժամի պայմաններում, և մենք մոտենում ենք պայթյունին». «168 ժամ»

Հոկտեմբեր 09,2018 12:43

«168 ժամ»-ի զրուցակիցը բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանն է:

– Պարոն Մարտիրոսյան, օրերս ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների հաստատումից հետո լարվեց իրավիճակը հանրապետությունում, քանի որ նախագիծը որակվեց՝ որպես իշխանական ծրագրերը տապալելու և հակահեղափոխություն իրականացնելու փորձ, որից հետո քաղաքը մի քանի ժամով կրկին վերադարձավ հեղափոխական ռեժիմի, որի պայմաններում ՀՀ վարչապետը զրուցեց խմբակցությունների հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու շուրջ։ Փաշինյանը հայտնեց իր հրաժարականի միջոցով խնդիրը լուծելու ցանկության մասին։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը՝ և իշխանության, և ընդդիմության քայլերը։

– Այս տարվա մայիսից հանրապետությունն ապրում է լատենտ ճգնաժամի պայմաններում, և մենք մոտենում ենք պայթյունին։ Օրենսդրական դաշտում քաղաքական ուժերի դասավորվածությունը չի համապատասխանում հասարակության շրջանում իրերի իրական դրությանը, որն է՛լ ավելի ցցուն դարձավ անցկացված ավագանու ընտրություններից հետո։ Իրավիճակն աբսուրդային է։ Գալով իշխանության՝ յուրաքանչյուր քաղաքական ուժի, կուսակցության կամ կոալիցիայի նպատակն է իրականացնել այն քաղաքականությունը, որը պետք է համապատասխանի իր և իր ընտրողների՝ երկրի զարգացմանը վերաբերող տեսլականին։ Ընտրությունների ժամանակ ձայների մեծամասնությունը ստանալով՝ ՀՀԿ-ն կոալիցիոն կառավարություն ձևավորեց, բայց հետո թավշյա հեղափոխությունը ստիպեց խորհրդարանական մեծամասնությանը գործադիր ուժը զիջել այնպիսի քաղաքական ուժի, որը խորհրդարանում ուներ մանդատների շատ քիչ քանակ։

Կամ՝

ա) խորհրդարանական մեծամասնությունը մոռացել է, թե ընդհանրապես ինչի համար է այն, ինչում է կայանում նրա raison dUtre, ինչի համար են ընտրողները քվեարկել նրա օգտին (կարծում եմ՝ նախընտրական խոստումներն իրականացնելու համար).

Կամ՝

բ) խորհրդարանում ուժերի դասավորությունը չի համապատասխանում հանրության մեծամասնության իրական պահանջին, չէ՞ որ այն աջակցում է մեկ այլ քաղաքական ուժի, որը վերահսկում է խորհրդարանական 4 մանդատ։ Միևնույն ժամանակ այդ ուժն իր ծրագիրն է իրականացնում։ Հարկ է նշել, որ այդ ուժը նույնպես ստացել է խորհրդարանական մեծամասնության աջակցությունը։

Տրամաբանորեն, միայն ընտրությունները կամ հանրաքվեն թույլ կտան ընտրողների մեծամասնությանը կողմնորոշվելու, վերականգնելու ներկայացուցչական ժողովրդավարության հավասարակշռությունը և համապատասխանությունը, և այդպիսով երկիրը դուրս բերել այդ հակամարտությունից։ Վաղ թե ուշ քաղաքական ճգնաժամը լատենտային փուլից պետք է անցներ ակտիվ փուլին։ Իրավիճակի զարգացման մի քանի հնարավոր սցենարներ կան։ Հուսով եմ, որ բոլոր քաղաքական ուժերի ղեկավարները ձեռնպահ կմնան այն գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ազգային շահերի համար անցանկալի հետևանքների։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031