Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնով. այժմ Հայաստանում են հենց համարում, որ նախկին երկու նախագահները հանցագործներ են

Հոկտեմբեր 09,2018 12:33

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը, հիշեցնելով, որ վեց ամսից տոնելու են ԵԽ-ի 70-ամյակը և  նախաձեռնություն կա, որպեսզի ԵԽ-ի կայքում տեղադրվեն բոլոր անդամ երկրների 216 նախագահների ելույթները, առաջարկեց, որպեսզի ԵԽ-ի կայքում չտեղադրվեն ՀՀ երկու նախագահների ելույթները ու մանրամասնեց. «Այդ 216 նախագահների շարքում, որոնք ելույթ են ունեցել այս վեհաժողովում, ՀՀ երկու նախկին նախագահներն են: Մենք վերջին 18 տարիների ընթացքում մշտապես բարձրաձայնել ենք օկուպանտ Հայաստանում տիրող հանցավոր ռեժիմի մասին՝ բերելով կոնկրետ փաստեր: Միշտ կարծիք ենք հայտնել, որ այս երկրում կայացած նախագահական ընտրությունները կազմակերպվել են ոչ արդար, այլ հանցավոր ռեժիմով, բայց ի հակադրություն մեր բերած մտահոգությունների ու փաստերի, ԵԽԽՎ առաջընթացի զեկույցը միշտ հակառակ պատկերն է արտացոլել և լեգիտիմացրել այդ ընտրությունները»:

Ռաֆայել Հուսեյնովը հայտարարեց՝ այժմ Հայաստանում են հենց համարում, որ նախկին երկու նախագահները հանցագործներ են, ու հարց բարձրացրեց՝ այսքանից հետո ԵԽ-ն ցանկանում է նրանց ելույթները տեղադրել իր կայքո՞ւմ:

Այս ելույթին հաջորդեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանի խոսքը: Նա չցանկացավ արձագանքել ադրբեջանցի գործընկերոջ ելույթին, ուղղակի հորդորեց. «Խնդրում եմ կռիվ տվեք Ձեր երկրի և Ձեր երկրում ժողովրդավարության համար և ստեր մի տարածեք այս հարգանք վայելով կառույցում»:

ԵԽԽՎ ամբիոնից Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ այլևս անհետաձգելի խնդիր է դարձել ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը պետք է կազմակերպվի ընտրական օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան՝ ամբողջ գործընթացների հիմքում ունենալով մարդու իրավունքները, իրավունքի գերակայությունը և ժողովրդավարության հիմնարար սկզբունքները։

Էդմոն Մարուքյանը կոչ արեց վեհաժողովին իր հետևողական աջակցությունը ցուցաբերել Հայաստանի նոր իշխանություններին կոռուպցիայի դեմ անխոնջ պայքարում, համակարգային բարեփոխումների իրականացման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման գործում՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ Եվրոպայի Խորհուրդը բոլորիս՝ այդ թվում նաև Հայաստանի կազմակերպությունն է և չի կարող այս պարագայում ստանձնել սոսկ դիտորդի կարգավիճակ, այլ պետք է ջանք չխնայի աջակցելու ընթացող ժողովրդավարական պրոցեսներին, քանի որ Հայաստանում իրականացվող փոփոխությունները միտված են օրինակելի ժողովրդավարության հաստատմանը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031