Լրահոս
Օրվա լրահոսը

Կես քայլ մնաց՝ մինչեւ ժողովուրդների հայր դառնալը. «Հրապարակ»

Հոկտեմբեր 09,2018 12:22

Մի անգամ արդեն ձեր թերթում հոդված եմ գրել՝ «Հիմա ես հեղափոխակա՞ն եմ, թե՞ հակահեղափոխական» վերնագրով։

Ով չի կարդացել, կարճ ասեմ․ գրել էի այն մասին, որ հեղափոխությանն ակտիվ մասնակցել եմ ու Նիկոլի հետ քայլել, ողջունել եմ Սերժ Սարգսյանի հրաժարականն ու իմ ժողովրդի հետ հրապարակում պարել այդ օրը։ Բայց ապրիլի 24-ից սկսած՝ դեպքերն այլ ուղղությամբ զարգացան, եւ շատ բան այլեւս իմ սրտով չէ։

Ու ամենակարեւորը․ ո՞վ կսպասեր, որ այսքան կարճ ժամանակում այսպես կմեծամտանան մեր երիտասարդ պաշտոնյաները։ Անցած օրը լսում էի «Քաղպայմանագրի» կարկառուն ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանին․ զարմանում ես, թե ինչպես են խեղաթյուրել քաղաքական պայքար կոչվածը եւ ինչպես են սպառնալիքն ու բռնությունը ներդրել մեր կյանքում։ Այսօր էլ կարդացի Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ տրանսպորտի նոր նախարարին ներկայացնելու ժամանակ։ Թվում է՝ 21-րդ դարի մարդ է, բայց խոսում է 20-րդ դարասկզբի լեքսիկոնով՝ սաբոտաժ, հակահեղափոխական։ 30 տարեկան երիտասարդը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ավելի հեռուն է գնացել՝ «օպորտունիստ» բառն է օգտագործում, որը, թվում էր, բոլշեւիկներից բացի ոչ ոք չի օգտագործել։ Բա մեծամտո՜ւթյունը․ վարչապետս ասում է․ «Մի անգամ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ բարձրաստիճան մի պաշտոնյայի ասեցի, որ իզուր մի սպասեք, որովհետեւ այն, ինչին սպասում եք, տեղի չի ունենալու, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի հաղթանակն անշրջելի է, եւ ինչքան շուտ սա գիտակցենք, այնքան լավ բոլորիս համար: Վերջին միջազգային հարցումների համաձայն՝ մեր կառավարությունը, հեղափոխությունն ունի ՀՀ քաղաքացիների 92 տոկոսից ավելիի աջակցությունը: Կարծում եմ՝ այս եւ մյուս փաստերը պետք է բոլորիս հուշեն, որ հին էջից պետք է դուրս գալ: Բայց եթե կպարզվի, որ կան մարդիկ, ովքեր չեն ուզում հին էջից դուրս գալ, մենք կփակենք հին էջը, եւ նրանք նույնպես կմնան հին էջում»:

Այ քեզ խայտառակություն, ուրեմն ով իր հետ չէ՝ ժողովրդի հետ չէ, ով իր հետ չէ՝ հին է ու պետք է մնա անցյալում։ Իսկ հեղափոխությունն ու Նիկոլ Փաշինյանը, հաղթանակն ու Նիկոլ Փաշինյանը, ժողովուրդն ու Նիկոլ Փաշինյանը նույնական են։ Կես քայլ մնաց՝ մինչեւ ժողովուրդների հայր դառնալը։

Արեգ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031