ՀՀ վիճակագրական կոմիտեն Հայաստանում սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, սննդամթերքի շուկայում արձանագրել է թանկացումներ։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, գնաճը կազմել է ընդամենը 2.6 տոկոս։
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ սննդամթերքի շուկայում 9 ամիսների ընթացքում արձանագրված գնաճը կազմել է 2.4 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ «Այսինքն՝ սննդամթերքի գծով լուրջ գնաճ չենք ունեցել։ Հնարավոր է որոշ ապրանքատեսակներ թանկացել են սեզոնային գործոնով պայմանավորված, օրինակ՝ բանջարեղենը այս ամիսներին, ամռան համեմատ, թանկանում է. այսօր լոլիկի գինը 500-700 դրամ է։ Ալկոհոլային խմիչքները, ծխախոտը 4.3 տոկոսով են թանկացել։ Չէ՞ որ ակցիզային հարկի ավելացում է եղել, բնականաբար դա ազդում է թե ներքին արտադրության, թե ներմուծման վրա։ Բյուջեն համալրելու ձեւ է, թող չծխեն մարդիկ, եթե շատ են ուզում ծխել, ապա թող վճարեն»,- նկատեց մասնագետը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հագուստի ու կոշիկի շուկայում այս տարվա 9 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրված գնաճը կազմել է 4.4 տոկոս։ «Հագուստի եւ կոշկեղենի հիմնական մասը Թուրքիայից է ներկրվում եւ այնտեղ հայտնի դեպքերի՝ լիրայի արժեզրկման եւ սանկցիաների հետ կապված՝ 9-10 տոկոս գնաճ կա։ Բնականաբար, այդ գնաճի մի մասն էլ ազդել է այս ապրանքախմբերի վրա։ Նաեւ ընդհանուր գնաճի ֆոնին կառանձնացնեմ տրանսպորտի թանկացումը, որը հիմնականում կապված է Վերին Լարսի անցակետի հետ։ Դրանով է պայմանավորված նաեւ օդային փոխադրումների՝ օդանավերի տոմսերի թանկացումը։ Սա, այո, ազդել է տրանսպորտի սակագնային դինամիկայի վրա, եւ գնաճը կազմել է 8.3 տոկոս»,- ներկայացրեց Ատոմ Մարգարյանը։
Ըստ մասնագետի՝ մսամթերքի շուկայում գներն այդքան էլ մեծ թռիչք չունեն, ինչը կարագի դեպքում կա։ Քանի որ միջազգային շուկայում կարագի գները աճել են, ինչը ազդել է ընդհանուր իրավիճակի վրա եւ գնաճային որոշակի ճնշում է ավելացրել։ «Բայց մեր ներքին շուկայի սննդամթերքի մասով, հատկապես ձվի գնի թռիչքը կարող եմ մատնանշել»։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում