Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ու կառավարությունը մշակել են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։ Այն արդեն այս շաբաթ կներկայացվի խորհրդարանին։
Դանիել Իոաննիսյանն ասաց, որ առաջիկա ընտրություններն ամենայն հավանականությամբ կհասցնենք անցկացնել փոխված Ընտրական օրենսգրքով։ Սակայն նա չի բացառում նաեւ այն, որ որոշ կարգավորումներ անցումային դրույթներով դրվեն ընտրություններից հետո, զուտ չհասցնելու պատճառով։
Ընտրական օրենսգրքի հայեցակարգն ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 5-ին, արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով։ Իոաննիսյանն ասաց, որ Վենետիկի հանձնաժողովի առաջարկած վեցամսյա սկզբունքին չենք հետեւելու, որովհետեւ այն դժվար թե ինչ-որ խնդիր առաջացնի. «Չեմ կարծում, թե խնդիր կառաջանա։ Վենետիկի հանձնաժողովի նորմերը իմպերատիվ բնույթ չունեն։ ԵԽ անդամ երկրներ կան, որոնք իրենց ընտրական օրենսդրությունը ընդհանրապես չեն ուղարկում Վենետիկի հանձնաժողով։ Բայց բավականին կոմպետենտ հանձնաժողով է, դրա համար մենք ուղարկել ենք»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։
Հայարփի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում