Դեռեւս 2017 թվականին՝ մինչ Սերժ Սարգսյանի հրաժարականը, ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանը հայտնվեց սնանկ ճանաչված հայտնիների շարքում։ Նրան է պատկանում «Ախթամար» հյուրանոցային համալիրը, իսկ այդ համալիրի ներսում գործել է «Գոլդեն Փելես» խաղատունը։ Ավելին՝ միայն 2017 թվականի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 8 դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Ախթամար» ՓԲԸ-ի՝ պահանջելով, որ նախկին պատգամավորի ընկերությունից ընդհանուր գանձվի 63 միլիոն դրամ եւ ստիպեն նրան կատարել մաքսային պարտավորությունները։
Իսկ որտեղից սկսվեց նրա սնանկացման գործընթացը։ Տարիներ առաջ Սերժ Սարգսյանը հորդորել էր Լեւոն Սարգսյանին ներդրում իրականացնել Հայաստանում։ Նա էլ հիմնել էր «Ախթամար» հյուրանոցային համալիրը, դրա կազմում ստեղծել նաեւ «Գոլդեն Փելես» խաղատունը։ Լեւոն Սարգսյանի մերձավորներից հայտնի դարձավ, որ նա «Գոլդեն Փելես» խաղատան դիլլերներին կասկածել է իր դեմ ծուղակ պատրաստելու մեջ։ Իսկ ծուղակի էությունը եղել է այն, որ օրերից մի օր Լեւոն Սարգսյանի խաղատուն են այցելել արաբ շեյխեր, որոնք անհասկանալի հանգամանքներում խոշոր գումարներ են շահել, խոսքը, ոչ ավել, ոչ պակաս, 4 միլիոն դոլարի մասին է՝ 2 փուլով։ Լեւոն Սարգսյանը ստիպված է եղել վճարել խաղատան պարտված գումարները։
Իսկ ինչո՞ւ է ստիպված եղել։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արաբ շեյխերը, Հայաստանից գնալով միջոցներ են ձեռնարկել։ Նախ արտերկրի իրենց կապերն են գործի դրել եւ ի վերջո կարողացել են խնդրի լուծմանը ներքաշել նաեւ Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը։ Լեւոն Սարգսյանն էլ, չունենալով այլ տարբերակ, ստիպված է եղել համակերպվել տեղի ունեցածի հետ եւ արաբ շեյխերին վճարել նրանց շահած գումարները։
Բայց որտեղի՞ց։ Խնդրի լուծման նպատակով նա դարձյալ բարձրագույն իշխանության երաշխավորությամբ բանկերից խոշոր վարկեր է վերցրել, մարել արաբների պարտքերը եւ «ընկել վարկի տակ»։ Արդյունքում սկսվել է նրա սնանկացման գործընթացը։
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նա գրավադրել է իրեն պատկանող ողջ գույքը,
որպեսզի կարողանա փրկել բիզնեսը, սակայն այդ փորձերն անցել են ապարդյուն, քանի որ նախկին պատգամավորին պատկանող գույքը անցել է բանկերի տիրապետման տակ։ Երբեմնի օլիգարխի համարում ունեցող Լեւոն Սարգսյանն այսօր ընդամենը Երեւանում ունի մեկ սեփական բնակարան եւ վերջ։ Նրա մտերիմները դեռեւս 2017 թվականին «Ժողովուրդ»-ին հայտնել էին, որ ապրում է Մոսկվայի արվարձաններից մեկում՝ իր ընկերոջ կողմից տրամադրած բնակարանում։
Հիշեցնենք, որ սա այն Լեւոն Սարգսյանն է, որը իր հավատարմությունը Սերժ Սարգսյանին ի ցույց դնելու նպատակով որդու անունը դրել էր Սերժ, որպեսզի մի Սերժ Սարգսյան էլ տանը ունենար։ ՝\
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում