Հայաստանում ներքաղաքական զարգացումներն «ակվարիումի» մեջ չէ, որ տեղի են ունենում։ Հայաստանը Չինաստան չէ, եւ տարածաշրջանային խաղացողների մոտ տեղի ունեցող ներքին վայրիվերումները, ինչպես նաեւ նրանց միջեւ առճակատման ընթացքում տեղի ունեցող՝ ուժերի հարաբերակցության կտրուկ փոփոխությունները, քաղաքական վարքի փոփոխությունները չեն կարող չազդել մեզ մոտ տեղի ունեցող զարգացումների վրա։ Հայաստանն այն դեպքն է, երբ ոչ միայն եւ ոչ այնքան արտաքին քաղաքականությունն է ներքինի շարունակությունը, որքան հակառակը։
Ռուսաստանի ԱԳ նախկին նախարարի տեղակալ Անդրեյ Ֆյոդորովը «Ազատություն» ռ/կ-ի եթերում հիշեցրեց եւ զգուշացրեց. նոյեմբերի վերջին Մոսկվան ԱՄՆ-ից ընդհանուր առմամբ կստանա պատժամիջոցների եւս հինգ փաթեթ։ Դրանք են՝ Ղրիմի եւ Դոնբասի համար («Ուկրաինական» փաթեթ»), Մագնիտսկու ակտով (Մարդու իրավունքների փաթեթ), Սկրիպալների թունավորման դեպքի հետ կապված («Սոլսբերիի» փաթեթ), Իրանի հետ առնչությունների համար («Հրթիռային» փաթեթ), քիմիական զենքի համար («Սիրիական» փաթեթ), եւ եթե նոյեմբերի 6-ն արձանագրվի ռուսական միջամտություն ամերիկյան միջանկյալ ընտրություններին, ապա դրանց կգումարվի նաեւ վեցերորդ փաթեթը՝ «Կիբեր-փաթեթը»։
Հիշեցնենք նաեւ, որ Եվրամիության գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին, Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարց է մտնում օրակարգ։ Այդ մասին հայտարարեց ԵՄ Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ Պատճառը Հաագայում ՄԱԿ-ի Քիմիական զենքի արգելման կազմակերպության (OPCW) դեմ ռուսների հաքերային հարձակումն է, որը խափանվեց, իսկ ԳՌՈՒ-ի գործակալները բացահայտվեցին։ Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ արդարադատության նախարարը հայտարարեց, որ քրեական մեղադրանք է ներկայացված ռուսական ռազմական հետախուզության յոթ գործակալների։
Այս զարգացումների համատեքստում պարոն Ֆյոդորովը նշում է, որ եթե պատժամիջոցները ներառեն, ասենք, ռուսական «Սբերբանկը», ինչն ըստ ամենայնի դառնում է անխուսափելի, ապա միլիոնավոր ռուսաստանցիներ պարզապես չեն կարողանա որեւէ կերպ՝ նույնիսկ պարզագույն բանկային օպերացիա կատարել։
Ֆյոդորովը փաստում է, որ իրավիճակն այնպիսինն է, որ Ռուսաստանին մղում են նույն կացության մեջ, ինչպես ժամանակին Խորհրդային Միությանը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Իսկ Հյուսիսային Կովկասում իրավիճակի թեժացումը եւ ազգամիջյան խնդիրների վերակենդանացումը՝ իշխանություն-հանրություն կապի տոտալ խզման եւ իշխանության ինստիտուտների տոտալ դեգրադացիայի պարագայում, ինչը հիշեցնում է Հարավային Կովկասն 80-ականների վերջին, բերում է Մոսկվայի համար բավականին տխուր եւ տհաճ եզրակացության. ԽՍՀՄ փլուզումն անխուսափելիորեն թեւակոխում է իր երկրորդ փուլը, որի արդյունքը կարող է լինել ներկայիս սահմաններում Ռուսական պետության փլուզումը։
Մոսկվան գնում է սրացման Ուկրաինայում, ինչի վկայությունն է «ԼՆՌ-ԴՆՌ» կոչված օկուպացված տարածքներում «ղեկավարների ընտրություններ» հայտարարելը նոյեմբերին։ Եվ միանգամայն կանխատեսելի է, որ ջախջախված տեսնելով սեփական հինգերորդ շարասյունն Արեւմուտքում՝ ռուսները բարձրացնում են խաղադրույքները հետխորհրդային տարածքում՝ փորձելով ապակայունացման նոր ալիք բարձրացնել։ Այդ իմաստով միանգամայն սպասելի է, որ նոյեմբերին ընդառաջ Հայաստանը կունենա բավականին լարված ժամանակաշրջան, երբ կբարձրանան ռիսկերը թե՛ ներքին դիվերսիաների, թե՛ սահմանին ապակայունացման վտանգի մեծացման առումով։
Հայաստանը լիովին ի զորու է դիմագրավել այս հնարավոր մարտահրավերին եւ չեզոքացնել ռիսկերը՝ ունենալով իշխանության եւ հանրության աննախադեպ ներդաշնակություն։ Իհարկե, սա անհրաժեշտ, բայց ոչ բավարար գործոն է, եւ չափազանց կարեւոր է չկորցնել զգոնությունը։ Փաստ է, որ Հայաստանի ցանկացած քայլ, որը բխում է պետության եւ հանրության շահերից, ռուսների մոտ լուռ ալերգիա է առաջացնում։ Դրա ախտանիշներից մեկն էլ այն «բոյկոտն» է, որը հայտարարեցին ռուսական առաջատար լրատվամիջոցները ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությանն առաջնագծում, որն իրենից խաղաղության կոչ էր ներկայացնում, եւ որին մասնակցում էին ռուսական հանրությանը քաջածանոթ եւ ամենեւին էլ ոչ ընդդիմադիր կին գործիչները։
Իհարկե, իմաստ չունի մեծ ջանքեր թափել ռուսական պրոպագանդային հաճոյանալուն արժանանալու համար, քանզի այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում, դեմ է ներկայիս ռուսական պետության ոչ միայն էությանը, ոգուն, իմաստին, այլեւ նրանց պատկերացրած շահերին եւ նպատակներին, այնպես, ինչպես ողջ Եվրոպայի ալերգիան էր առաջացնում հեղափոխական Ֆրանսիան 18-րդ դարի վերջում։
Հայտնի է, որ Երեւանում եւ Մոսկվայում ասվում են խոսքեր «բարեկամության», «դաշնակցային հարաբերությունների» մասին եւ դեռ կասվեն, քանզի Հայաստանի շահերից ամենեւին էլ չի բխում դառնալ Մոսկվայի թիրախը, մյուս կողմից՝ պարանոցից կախված ուկրաինական եւ սիրիական հարցերով եւ պատժամիջոցների բեռով Մոսկվային, որը նաեւ ներքին ապակայունացման փուլ է թեւակոխում (տե՛ս «Լեւադա-Ցենտրի» հարցումների արդյունքները), ապա «հայկական խնդիր» սարքելը վերջին բանն է, որը պետք է Մոսկվային։ Իհարկե, սա ռացիոնալ հաշվարկի հարթության եւ ներկայիս «հաշվարկային բազայի» հիման վրա, որը, մեղմ ասած, փաստ չէ, որ կմնա անփոփոխ, երբ Մոսկվան կանգնի բարդ կացության առաջ տնտեսական ցնցումների եւ ներքին հուզումների ֆոնին։
Ակնհայտ է, որ Հայաստանին անհրաժեշտ է մոբիլիզացնել իր ողջ քաղաքական ռեսուրսը հնարավոր ֆորս-մաժորներին ընդառաջ։ Արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելը թույլ կտա լծակներից զրկել նախկին համակարգի հենասյուն քաղաքական խմբերին, որոնք անցած տարիներին պարազիտացել են պետության եւ հանրության շահերի վրա՝ դառնալով Մոսկվայի շահերի սպասարկման գործիքը։ Նրանք դեռ կփորձեն Մոսկվայի զգացմունքների վրա խաղալ, փչացնել Հայաստան-ԵՄ հարաբերությունները Եվրոպայում ռուսական շահերը սպասարկողների ձեռքերով, մոբիլիզացնել կոռուպցիոն «ինտերնացիոնալը» կամ պարզ կրիմինալին։
Ակնհայտ է նաեւ, որ չկա հնարավորություն գործերը հաջորդաբար անելու, անհրաժեշտ է դրանք անել զուգահեռաբար, մասնավորապես՝ անհրաժեշտ է ներդաշնակեցնել հարաբերություններն այն սուբյեկտների հետ, որոնք օբյեկտիվորեն շահագրգիռ են Հայաստանի կայունացմամբ եւ հաջողություններով. դա Արեւմուտքն է եւ Իրանը։ Հայաստանի համար հրաշալի առիթ է Ֆրանկոֆոնիայի կազմակերպության երեւանյան գագաթնաժողովը եւ Մակրոնի ու Տրյուդոյի այցերը Հայաստան, առաջիկա շփումներն ամերիկյան եւ իրանական պաշտոնյաների հետ եւ այլն։ Եվ այս իմաստով մեր դիվանագիտությունը ոչ պակաս կարեւոր առաքելություն ունի կատարելու, քան Հայաստանի Զինված ուժերը։
Շեշտե՛նք. Մոսկվան ըստ էության ոչինչ էլ չի՛ կարող անել այլեւս, եթե մենք կոպիտ սխալներ թույլ չտանք կամ զգոնություններս չկորցնենք։ Ուղղակի պետք է պատրաստվենք հետռուսական դարաշրջանին, եւ մեր ճակատագիրը միայն մեր ձեռքերում է։
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ»
09.10.2018