Կիրակի մի նոր քրեական բոթ տարածվեց, որը պաշտոնական հաստատում ստացավ միայն երկուշաբթի՝ Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանին։ Արդեն երկու օր է՝ ՀՔԾ-ն հրաժարվում է որեւէ տեղեկություն հայտնել հանրությանն այն մասին, թե ինչ հանցանքի մեջ են կասկածում գործարարին։ «Մենք անհրաժեշտ չենք համարում հրապարակորեն հայտնել, թե ինչու է նա ձերբակալված»,- պատասխանեց ՀՔԾ մամուլի խոսնակը, իսկ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ընդամենը ավելացրեց․ «Եթե նախաքննական մարմինը նպատակահարմար չի գտնում, մենք չենք կարող տեղեկություն տալ»։
Այսպիսով, կարելի է ասել, որ իրավապահներն առեւանգել են հայտնի գործարարին՝ առանց ջանալու գոնե մոտավորապես իրազեկել հանրությանը, թե ինչ է նրան մեղսագրվում։ Կամ էլ, ինչպես հաճախ պատահում է գործնականում, մի թել են գտել, թելից քաշում են, որ տեսնեն, թե ինչ հանցակազմ դուրս կգա, որ ըստ այդմ էլ մեղադրանք առաջադրեն ու նոր ներկայացնեն հանրությանը։ Հասկանալի է, որ այս պրակտիկան իրավունքի հետ կապ չունի, բայց այն Սերժի ժամանակներից չի փոխվել։ Եվ այսպես, մեր տեղեկությունները՝ ոչ պաշտոնական, սակայն հաստատված, հետեւյալն են․ Սամվել Մայրապետյանին կիրակի՝ հոկտեմբերի 7-ին, ձերբակալել են Մարտի 1-ի գործի շրջանակներում։ Նրա դեմ ցուցմունք է տվել մեկ այլ հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը, որը եւս հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակներում։ Քննության առարկան Մայրապետյանի եւ Սիլվա Համբարձումյանի միջեւ կատարված գումարային փոխանցումն է։ Փոխանցողը եղել է Սամվել Մայրապետյանը։
Կին գործարարը պատմեց, որ իրեն շաբաթ օրը՝ հոկտեմբերի 6-ին, կանչել են քննչական մարմին եւ 10 ժամ պահել այնտեղ։ «Ինձ հարցնում էին, թե ինչին էր վերաբերում այդ փոխանցումը, եւ եթե ես չհիշեի, ապա ինձ էլ մեղադրանք կառաջադրեին, ինչպես Մայրապետյանին։ Բայց քանի որ ես հիշեցի, ես հիմա վկայի կարգավիճակում եմ։ Ես չեմ կարող ասել, թե ինչին է վերաբերել փոխանցումը։ Դա խոշոր կանխիկացում էր»,- ասաց Սիլվա Համբարձումյանը։ Նա վստահեցրեց, որ բողոք չի գրել Սամվել Մայրապետյանի դեմ, որ ինքը նույնկերպ բերման է ենթարկվել՝ անսպասելի, ինչպես Մայրապետյանը։ Նաեւ հայտնեց, թե չէր պատկերացնի, որ իրեն Մարտի 1-ի գործի շրջանակներում կհարցաքննեին։ «Ես Մարտի 1-ի հետ ոչ մի կապ չունեմ, ես ոչ մեկին վատություն չեմ արել, երբեւիցե նման բան չէի պատկերացնի»։ Ճշգրիտ տեղեկություն ստացանք նաեւ, որ ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով նախաքննության շրջանակներում որոշել է ստուգել այդ օրերին տեղի ունեցած խոշոր կանխիկացումները։ Նրանք ուսումնասիրել են Կենտրոնական բանկի փաստաթղթերը եւ այժմ ստուգում են բոլոր այն անձանց, որոնք այդ օրերին ՀՔԾ քննիչներին կասկածելի թվացող կանխիկացման գործարքներ են կատարել։ Այդպես ՀՔԾ-ն ընկել է Սիլվա Համբարձումյանի եւ Սամվել Մայրապետյանի «հետքի» վրա։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում