Քարոզչական-տեղեկատվական «աղբարկղային» գրոհից հետո երեկ իրավիճակ փոխվեց` առաջինը հանձնվեց Գագիկ Ծառուկյանը: Երեկ նա և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուշագիր ստորագրեցին: Բայց մինչև երեկոյան հանդիպումը Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել էր. «Խորհրդարանը դե ֆակտո լուծարված է, մնում է դե յուրե լուծարել»: Նաև ՀՀԿ խմբակցության պատգամավորներն էին հայտարարություններ արել. Գևորգ Կոստանյանն ասել էր, որ սատարում է Նիկոլ Փաշինյանին, որ Նիկոլ Փաշինյանն ազնիվ է իր նպատակների մեջ, ցանկությունների, քաղաքական ուղղվածության մեջ, որ եթե հասարակությունը կոնսոլիդացվել է Նիկոլ Փաշինյանի շուրջը, ուրեմն վարչապետի այլ թեկնածու չպետք է լինի, Արման Սահակյանն էլ գրել էր, որ կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացվեն՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը: Գևորգ Կոստանյանի «պայծառատեսությունը» հիմնավորված է` նա մանդատի խնդիր չունի, գնում է Եվրոպա աշխատանքի և նոր աշխատատեղում ժողովրդավարի իմիջը շատ տեղին է ու պահանջարկված:
Երեկոյան արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ նախագահին ասում էր. «Հայաստանը ոչ սովորական ներքաղաքական իրավիճակում է գտնվում, և քաղաքական ուժերի պարտավորությունն է փորձել ստեղծված իրավիճակը հաղթահարել բանակցությունների քաղաքական տրամաբանության մեջ»: Սա իսկապես շրջադարձ է, բայց ոչ Գագիկ Ծառուկյանի, այլ` Նիկոլ Փաշինյանի համար: Նա բանակցությունների պատրաստակամություն մի քանի անգամ է հայտնել, բայց ամեն անգամ այդ հայտարարություններն ուղեկցվել են նաև բոլորովին այլ հռետորաբանությամբ նրա կամ նրա կուսակիցների կատարմամբ, որ կասկածի տակ են դրել բանակցությունների բովանդակությունը: Հիմա փաստացի ոչ թե բանակցություններ են տեղի ունենում, այլ` կուսակցությունները ընդունում են Նիկոլ Փաշինյանի պահանջները` արտահերթ ընտրություններ դեկտեմբերին, իր հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չառաջադրել: Սա է տարբերությունը նախքան հոկտեմբերի 2-ը նախատեսված բանակցությունների և հոկտեմբերի 8-ին վերսկսված բանակցությունների միջև:
Մի կողմ թողած` խմբակցության պատգամավորների հայտարարությունները, ՔՊ-ի պատասխանները և հարակից հանգամանքները` Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանին ասում էր. «Գիտեք՝ որոշ հարցերում իմ ժողովրդի, շարժման, ձեր կողքին ենք եղել, մեր մասով աշխատանքները կատարել ենք, կատարում ենք, կատարելու եք: Մենք ընդունել ենք հեղափոխությունը: Ոչ մեկն էլ չէր պատկերացնում, որ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա: Մենք այդ պահից կանգնել ենք Ձեր կողքին։ Ես այդ ժամանակ ասել եմ ժողովրդին, ձեր ընտրյալը Նիկոլ Փաշինյանն է, ես ձեր ընտրյալի կողքին եմ։ Հիշո՞ւմ եք, առաջին հանդիպմանը, երբ ասացիք, երբ անցկացնենք ընտրությունները, ես էլ ասացի՝ հունիսին: Հիմա պատրաստ եմ, ժողովուրդը դա ուզում է, դրա անհրաժեշտությունը կա, քննարկենք, որպեսզի չլինեն հետհեղափոխական քայլեր, քննարկենք, որ զարգացում լինի, առաջընթաց լինի: Որպես գործընկեր՝ պատրաստակամ եմ լինել Ձեր կողքին տնտեսության զարգացման, երկրի բարգավաճման համար»:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում