«Ես չեմ հավատում, որ Յուվեցի Կարոյի վրա Հարութն ա կրակել։ Հարութը սկզբունքային մարդ էր»,- ասաց գործարար, Յուվեցի Կարոյի՝ Կարո Կարապետյանի հետ երկար տարիներ թշնամական հարաբերություններ ունեցող Արթուր Զադոյանը՝ անդրադառնալով Կարո Կարապետյանի սպանությանն ու Հարություն Ղարագյոզյանի՝ Կարամելի Հարութի ինքնասպանությանը։
Հիշեցնենք, որ տարիներ առաջ՝ 2009 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11-ի սահմաններում, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի հատվածում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով Յուվեցի Կարոն կրակել էր Արթուր Զադոյանի վրա, սակայն հետո Զադոյանն էր հայտնվել մեղադրյալի աթոռին։ Արթուր Զադոյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար, ինչպես նաև Կարո Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու և սպանության սպառնալիքի համար։ Քրեական գործի վարույթը կասեցվել էր, ապա վերսկսվել: Վերսկսելուց հետո էլ, սակայն, երկու դրվագով Արթուր Զադոյանն արդարացվեց, իսկ մեկ դրվագով՝ Յուվեցի Կարոյի գլխին ծանր վնասվածք պատճառելու գործով կարճվեց վաղեմության ժամկետի հիմքով։
«Այ, որ ժամանակին Կարոյի դեմն առնեին, չթողնեին, որ նա այդքան աճեր, ինչ ուզենար աներ, հիմա էսպես չէր լինի։ Բայց դե նա կրակեց ինձ վրա, ու հետո ես դարձա մեղադրյալ, ինքը տուժող։ Իսկ դա գիտեք՝ ինչպես էր լինում։ Ոտքիս վրա կատարված կրակոցի էքսպերտիզան անգամ ճիշտ չտվեցին։ Բայց դե ինչ արած, արդեն անցել է։ Ու հետո, եթե իմ մոտ զենք լիներ, էլ ինչու էի լոմով, կլուչով խփում գլխին, զենք լիներ մոտս, զենքով կխփեի։ Կատարվածը տրամաբանական էլ չէր։ Տո զենքի պոչով կխփեի գլխին, ոչ թե կլուչով։ Բայց հետո, արի ու տես, որ իմ վրա դրեցին զենքով հարձակում գործել, իսկ Կարոն էդպես էլ անպատիժ մնաց… Դրա համար հիմա էլ չեմ հավատում, որ Հարութն ա կրակել Կարոյի վրա։ Իսկ եթե հասցրած լիներ այնքան, որ Հարութը կրակել ա, ուրեմն Հարութը ճիշտ ա եղել։ Իսկ ճիշտ քայլ արած մարդը երբեք ինքնասպան չէր լինի, էն էլ դեպքից այդքան հետո։ Այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել»,- ասաց Զադոյանը։
Սոնա Հարությունյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում