Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինությունը դարձել է ինքնանպատակ և պայմանական գործունեություն. բաց նամակ

Հոկտեմբեր 09,2018 10:19

Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինությունը (տարածքների պլանավորումը), որպես պետական և մասնագիտական գործունեության բնագավառ, ինչպես հարկն է չի գիտակցվել: Այն դուրս է մնացել մասնագիտական կրթության, մասնագիտական գործունեության, երկրի տնտեսական և քաղաքական կայուն զարգացման պետական քաղաքականության ձևավորման գործընթացներից՝ դարձել ինքնանպատակ և պայմանական գործունեություն:

Բաց նամակ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ՝ պարոն Ա.Էլոյանին

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կայքում տեղադրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N408-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (հետագայում՝ Նախագիծ) կապակցությամբ.

Հարգելի պարոն Էլոյան.

Ցանկացած իրավական ակտի նախագծի առաջադրումը նախ և առաջ ենթադրում է կարգավորման ենթակա խնդրին առնչվող ոլորտի վերաբերյալ համակարգային ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացում, որոնք պարտադիր են որպեսզի հնարավորություն ընձեռեն փաստաթղթի մասնագիտական և իրավական լիարժեքությունը ապահովելու և այդ ուղղությամբ կարգավորմանը միտված շրջահայաց և առաջընթաց քայլ կատարելու համար: Այս իմաստով, առաջադրված Նախագիծն ունի լուրջ բացթողումներ և ներքին հակասություններ: Նախագծում առկա են իրավական-լեզվաբանական, կարգավորման բացերի առկայության և այլ կոռուպցիոն գործոններ: Դրանց հիմնական պատճառը թերևս այն բացասական իրողություններն են, որոնք «աննկատ են մնացել» և ինքնաբերաբար դրվել են Նախագծի մշակման հիմքում, դրանով իսկ կասկածի տակ դնելով վերջինիս իրավաչափությունը: Դրանցից ներկայացնենք այն հիմնականները, որոնք որոշիչ են փաստաթղթի իրավական և մասնագիտական բնութագրի համար:

Իրողություն 1. 

Համաձայն «լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի, Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի մշակումը լիցենզավորման ենթակա գործունեություն չի համարվում:

Սա բնագավառում արձանագրված այն արտառոց, խայտառակ և անհեթեթ իրողությունն է, ինչը վերաբերում է նաև քաղաքաշինական գոտևորման նախագծին: Չնայած դրան, որոշման նախագծի հավելվածի՝ «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգ»-ի (հետագայում՝ Կարգ) 13-րդ կետով սահմանվում է՝ «Գոտևորման նախագիծը մշակվում է համայնքի ղեկավարի պատվերով` քաղաքաշինական փաստաթղթերի մշակման համապատասխան լիցենզիա ունեցող անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված նախագծային կապալի պայմանագրով»: Սա կեղծ նպատակադրություն է, քանի որ չի կարելի է վկայակոչել, և առավել ևս՝ պարտադրել մի բան, ինչը գոյություն չունի, և բացի այդ, ովքեր են «համապատասխան լիցենզիա ունեցող անձինք» որոնք նույնպես անհայտ են:

Իրողություն 2.

Գոտևորման նախագծերը ենթակա չեն փորձաքննության, քանի որ լիցենզավորում չեն պահանջում և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենսդրության համաձայն համարվում են ոչ կարևոր գործունեության տեսակ:

 Չնայած այս հանգամանքին, Կարգի 19-րդ կետը «միամտաբար» սահմանում է՝ «Պատվիրատուն, ստանալով կապալառու նախագծային կազմակերպության կողմից մշակված նախագիծը, ներկայացնում է այն փորձաքննության»: Հասկանալի չէ, թե ով է այդ պատվիրատուն և ում է նա ներկայացնում, և այդ անհայտը («իքս»-ը) ինչ իրավասությամբ պետք է իրականացնի նախագծի փորձաքննությունը:       Եվ ընդհանրապես, ինչու պետք է դրանք ներկայացվեն փորձաքննության, եթե լիցենզավորման ենթակա չեն: Սա հակասական երկիմաստություն է:

Անհեթեթությունների շարքը շարունակվում է՝ Կարգի 20-րդ կետում չգիտես ինչու «փորձ է արվում» փորձաքննության հարցը լուծել այլ ճանապարհով՝ միջգերատեսչական հանձնաժողովի միջոցով՝ վերապահելով վերջինիս փորձաքննական մարմնի իրավասություն և վերահսկման վետոյի իրավունք՝ «Գոտևորման նախագծերի, ինչպես նաև այլ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի դեպքում, միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը փոխարինում է (համարժեք է) պետական համալիր փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի եզրակացությանը:  

Առանց միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության հաստատված գոտևորման նախագծերն իրավական ուժ չունեն:»:

Իրավական առումով ցանկացած փորձաքննության հետ կապված հարաբերությունները ենթակա են օրենքով կարգավորման: Այս առումով անընդունելի չափազանցություն է սույն ենթաօրենսդրական ակտով փորձել «լուծել» ոչ միայն գոտևորման նախագծերի, այլև «այլ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի» փորձաքննության խնդիրը, այն էլ համակարգող գործառույթների իրավասություն ունեցող հանձնաժողովի միջոցով: Չլիցենզավորվող և անկարևոր փաստաթղթերի նկատմամբ նման շեշտադրված «հոգատարությունը» պետական մտածողությունից դուրս, մասնագիտական և իրավական մեքենայություն է՝ մանիպուլյացիա: Ուրիշ կերպ սա հնարավոր չէ որակել:

Իրողություն 3.

 Նախագծման առաջադրանքի մշակման գործառույթը համայնքի ղեկավարն իրականացնում է որպես սեփական լիազորություն: Սա ամրագրված է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով:

Սակայն գաղտնիք չէ, որ որևէ համայնքի ղեկավար ի զորու չէ (թերևս բացի մայրաքաղաք Երևանից) կազմելու նման կարգի մասնագիտական անհրաժեշտ իմացություն պահանջող փաստաթուղթ, նախ, որ անձամբ չի տիրապետում մասնագիտությանը (ինչն իրականում պարտադիր չէ) և հետո՝ չունի համապատասխան մասնագիտական աշխատակազմ: Ահա հերթական «անակնկալը»: Պարզվում է, որ սկսած համայնքների ձևավորման ժամանակներից (շուրջ մեկուկես տասնամյակ)՝ Հայաստանի համայնքներում քաղաքաշինության բնագավառը մասնագիտորեն չի կառավարվել և չի կառավարվում նաև ներկայումս: Փաստորեն քաղաքաշինության բնագավառում Հայաստանի համայնքները զրկված լինելով ինքնակառավարում իրականացնելու մասնագիտական ներուժից, դրանով իսկ զրկվել են նաև սեփական լիազորությունները տնօրինելու և դրանք ինչպես հարկն է իրագործելու հնարավորություններից:

Չնայած այդ հանգամանքին, Կարգի 13-րդ կետով «միամտաբար» սահմանվում է՝ «Գոտևորման նախագիծը մշակվում է համայնքի ղեկավարի կողմից մշակած և համայնքի ավագանու կողմից հաստատված նախագծման առաջադրանքի հիման վրա»: Հակասության նման պարագայում, բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը (ի դեմս ՀՀ նախկին կառավարությունների) համայնքներում գործերի վիճակը շտկելուն ուղղված ինստիտուցիոնալ և կազմակերպչական քայլեր ձեռնարկելու փոխարեն խնդրի «լուծման» ելքը գտել է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով իր կազմում ստեղծած միջգերատեսչական հանձնաժողովի միջոցով:

Միտումնավոր, թե՝ «չգիտակցված», սա օրենսդրությամբ ՏԻՄ-երին վերապահված լիազորության (իրավունքի) ուզուրպացիայի աննախադեպ փաստ է՝ հանրապետությունում իրականացվող քաղաքական, տնտեսական և ժողովրդավարական գործընթացների վրա թողած իր բացասական ազդեցությամբ:

Եվ այսօր մենք ոչ թե հետևություններ ենք կատարում թույլ տված սխալներն ու բացթողումները վերացնելու համար, այլ ընդհակառակը՝ հետևողականորեն շարունակում ենք խորացնել և «կատարելագործել» դրանք: Ինչ նպատակով . . .

Ներկայացված հիմնական իրողությունները և դրանց վերաբերյալ հետևություններն իրենց նշանակությամբ և գերադասությամբ միանգամայն բավարար են իրավական ակտի նախագծում տեղ գտած այլ թերությունները չմանրամասնելու համար, որոնք որքան կարևոր են, այդուհանդերձ բնույթով անհամեմատ են և ածանցյալ:Այդուհանդերձ, հասկանալի լինելու համար թվարկենք այդ թերությունների արդյունքում ծագած և պարզաբանման ենթակա հարցերից մի քանիսը՝

– ինչու Կարգի 4-րդ կետում չեն նշվում (թվարկվում) այն ծրագրային փաստաթղթերը, որոնց դրույթները (որոնք նույնքան անհայտ են) պարտադիր կարգով պետք է հաշվի առնվեն գոտևորման նախագծում:

Եթե այդ դրույթները հստակեցված չեն, այդ դեպքում՝ ինչ չափանիշների հիման վրա են իրականացվում գոտևորման նախագծերի մշակումը և փորձաքննությունը,

– Եթե սույն Կարգի վերանայումը «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում ժամանակին կատարած փոփոխություններին համապատասխանացնելն է, ապա ինչով է բացատրվում, որ 5-րդ հավելվածով համայնքի քաղաքաշինական կանոնադրության առաջարկվող օրինակելի ձևն իր բովանդակությամբ և ձևաչափով չի համապատասխանում օրենքի 11-րդ հոդվածով սահմանված քաղաքաշինական միջավայրի գեղագիտական հատկանիշներին և տեխնիկական պահանջներին:

Նախագծի առաջարկությամբ որքան էլ այս խնդրում մոտեցումը մոտիվացված լինի և ընդունելի, այդուհանդերձ այն ակնհայտ հակասում է օրենքի ձևաչափին, հետևապես դրանցից որևէ մեկը ենթակա է վերանայման:

– Եթե կարգի 13-րդ կետում նշվում է, որ գոտևորման նախագիծը մշակվում է համայնքի ղեկավարի պատվերով, ապա անհասկանալի է, թե այդ դեպքում ով է 18 և19 կետերով սահմանված՝ նախագծի մշակման և փորձաքննության «պատվիրատուն»:         

Ինչով է բացատրվում որ Կարգի 19-րդ կետում խոսվում է կոնկրետ մեկ փորձաքննության, իսկ 20-րդ կետում՝ անորոշ և հոգնակի փորձաքննությունների մասին:

– եթե գոտևորման նախագիծը միջգերատեսչական հանձնաժողով է ներկայացվում փորձաքննությունների դրական եզրակացություններ ստանալուց հետո (կ.20), ապա ինչպես կարող է հանձնաժողովի եզրակացությունը հետադարձ ուժով փոխարինել այդ փորձաքննություններին:

– Կարգը նշում է ոչ միայն գոտևորման նախագծերի մշակումը, այլև՝ փոփոխությունը, սակայն անհասկանալի է, թե ինչու ոչինչ չի ասվում թերևս ամենակարևորների՝ գոտևորման նախագծի ամբողջական կամ մասնակի փոփոխման դեպքերի և անհրաժեշտության հիմնավորումների մասին, այլապես ստացվում է, որ գոտևորման նախագծի փոփոխության համար պետք չեն իրավական հիմնավորումներ և այն կարելի է իրականացնել ըստ հայեցողության:

– Որպես «ինքնուրույն փաստաթուղթ» (ի դեպ, սա հերթական նորարարություններից է) գոտևորման նախագծի հիման վրա գլխավոր հատակագիծը փոփոխելու դրույթը դուրս է առողջ տրամաբանությունից, քանզի գործադրական բնույթի նման փաստաթուղթը չի կարող առավել բարձր իրավական կարգավիճակ և ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթուղթ (գլխավոր հատակագիծ) փոփոխելու հիմք հանդիսանալ, որովհետև՝

ա) այն մշակվում է գլխավոր հատակագծի հիման վրա և պարտադիր կարգով պետք է հիմք ընդունի և ղեկավարվի վերջինիս ռազմավարությամբ և դրույթներով,

բ) գլխավոր հատակագծի իրագործումն ուղեկցվում է մոնիթորինգային մշտադիտարկմամբ, ինչը հնարավորություն է տալիս իրականացվող քաղաքաշինական գործունեության ընթացքում գնահատելու տարածքների կառուցապատման սահմանված մոտեցումների և չափորոշիչների արդյունավետությունը, դրանք վերանայելու և փոփոխելու անհրաժեշտությունը:

Այս պարագայում անհեթեթ կլինի մտածել, որ այն փոփոխելու համար, որպես նախապայման, անհրաժեշտ է մշակել գոտևորման նախագիծ, ինչը բնականաբար չի կարող ունենալ որևէ հիմնավորվածություն:

Այս իմաստով, նշված դրույթը, որն «ամրագրված» է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում, իր մասնագիտական ծագումնաբանությամբ և ոտիվացիայով, սկզբունքորեն վերանայման կարիք ունի:

Ներկայացված հարցերը դեռ կարելի է շարունակել, սակայն բավարարվենք այսքանով:

Հարգելի պարոն Էլոյան.                                   

Սույն իրավական ակտի նախագիծը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինությունը (պետք է հասկանալ՝ տարածքների պլանավորումը), որպես պետական և մասնագիտական գործունեության բնագավառ, ինչպես հարկն է չի գիտակցվել: Այն դուրս է մնացել մասնագիտական կրթության, մասնագիտական գործունեության, երկրի տնտեսական և քաղաքական կայուն զարգացման պետական քաղաքականության ձևավորման գործընթացներից՝ դարձել ինքնանպատակ և պայմանական գործունեություն: Դրա հիմնական պատճառաբանությունն ընկած է բնագավառի օրենսդրության անկատարության և կառավարման վարքաբանության հիմքում:

Դա է հիմնական պատճառը, որ յուրաքանչյուր անգամ առնչվելով բնագավառի օրենսդրությանը՝ մենք չենք կարողանալու խուսափել ստի և կեղծիքի այսօրինակ շրջապտույտից, որում հայտնվել ենք հերթական անգամ:

Աներկբա քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի մշակումը պետականորեն պետք է գիտակցվի և գնահատվի որպես լիցենզավորման ենթակա կարևոր գործունեություն: Եթե ինչ-ինչ հանգամանքներից և նպատակադրություններից ելնելով դա չեն արել նախկին կառավարությունները, առավել ևս չի նշանակում, որ այդպես կարող է շարունակվել նաև հիմա և այսուհետ: Տարիներով գործողության մեջ դրված այս ակնհայտ անօրինականությունն օր առաջ պետք է վերացվի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ:

Սա ոչ թե ցանկություն, այլ պարտադրված անհրաժեշտություն է:

Եզրակացություն՝

Առաջադրված Նախագիծն իրավաչափ չէ, այն ենթակա է արմատական վերանայման, ինչը հարկավոր է իրականացնել համակարգային մոտեցման սկզբունքի կիրառմամբ:

 

Հարգանքով՝

Ճարտարապետ Աշոտ Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031