Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՔԾ-ն տապալել է Մարտի 1-ի բացահայտումը». Դավիթ Շահնազարյան. 168.am (Տեսանյութ)

Հոկտեմբեր 08,2018 23:40
David Shahnazaryan

168.am-ի զրուցակիցն է 1994-95թթ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1991-95, 1995-99թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը:

– Մարտի 1-ը բացահայտվա՞ծ է։

– Վարչապետը հայտարարում է, որ բացահայտված է, այնինչ դա նույնպես իրականությանը չի համապատասխանում, որովհետև, ըստ էության, բացի այն երեք անձերից, որոնց մեղադրանք է առաջադրվել, մենք ոչինչ չգիտենք։ Եղել են տասը սպանություններ, շատ ու շատ դեպքեր են տեղի ունեցել։ Ավելին, ես կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) տապալել է Մարտի 1-ի բացահայտումը ու այդ գործն ուղղակիորեն տապալել է: Քննությունն ընթանում է շատ վտանգավոր ուղիով, առայժմ չեմ ցանկանում այդ մասին խոսել։ ՀՔԾ-ի պետը, դիվանագիտական լեզվով ասած, ինձ հիասթափեցրեց՝ որպես իրավաբան։

Ընդհանրապես կուզեի ասել, որ այս 5 ամսվա ընթացքում մեր պետականությունը չափազանց թուլացել է։ Նույն ՀՔԾ պետի վերաբերյալ, իրավաբանը չի կարող իրեն թույլ տալ նման ձևակերպումներ: Օրինակ՝ եթե հիշում եք, երբ Վերաքննիչ դատարանի վճռով Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց, ՀՔԾ պետը  հայտարարեց, որ դա ապօրինի վճիռ է։ Դատարանի վճիռն օրենք է, այսինքն` ՀՔԾ պետը հայտարարեց, որ օրենքն ապօրինի է։ Սա իրեն թույլ չէր տա նույնիսկ իրավաբանական ֆակուլտետի առաջին կամ երկրորդ կուրսի ուսանողը։ Երկրորդ, եթե ապօրինի է, այդ դեպքում վերոհիշյալ անձի ուղղակի պարտականությունն է՝ քրեական հետապնդում սկսել այդ դատավորի նկատմամբ։

Ի՞նչ մեղադրանք է  հարուցվել այդ երեք անձերին՝ ես նկատի ունեմ ՀՀ երկրորդ նախագահին, ՀՀ Պաշտպանության նախկին նախարարին և նախկինում ՊՆ տեղակալ Յուրի Խաչատուրովին. մեղադրանքը հիշո՞ւմ եք` սահմանադրական կարգի տապալում, ոչ թե՝ տապալման փորձ, այլ՝ տապալում: Պետք չէ իրավաբան լինել՝ հասկանալու համար, թե դրանից ինչ հետևանքներ են բխում։  Նշանակում է, որ 2008 թվականի մարտի մեկին տապալվել է ՀՀ-ում սահմանադրական կարգը, և դրանից հետո 10 տարի ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում` ընտրություններ, ԱԺ որոշումներ, միջազգային պայմանագրեր, դրանք բոլորը սահմանադրական կարգից դուրս են։

Եվ կարելի էր ավելի առարկայական մեղադրել: Այո, ես մեղադրում եմ ՀՔԾ պետին, որ նա տապալել  է Մարտի 1-ի  քննությունը։ Ավելին, ես առաջարկել էի, որպեսզի միջազգային փորձագետներ, քննիչներ ներգրավվեն, որպեսզի  հնարավորին չափ չքաղաքականացվի բացահայտման այդ գործընթացը։ Ինչպե՞ս մենք կարող ենք Մարտի 1-ի էջը փակել: Հասարակությունը պետք է վստահ լինի քննության արդյունքներին։ Դա կլիներ միայն այն դեպքում, եթե  միջազգային ներկայություն լիներ քննությանը, այլապես յուրաքանչյուր հաջորդ իշխանություն կբացի այս գործը՝ ըստ իր քաղաքական  նպատակահարմարության: Իշխանությունները  դա բացարձակ չցանկացան անել։ Ուղղակի տապալել են քննությունը, և այդ պատասխանատվությունը կրում է ՀՔԾ պետն անձամբ, և նա պատասխան է տալու դրա համար։

– Հանրային ընկալումներում այս 3 գործիչներն են Մարտի 1-ի պատասխանատուները։ Ձեր խնդիրը մեղադրանքի հիմնավորվածությո՞ւնն է։

– Մեղադրանքը, որ ներկայացվել էր այդ երեք անձերին, երկու փաստաթղթի հիման վրա է։ Կրկնում եմ, եթե  Մարտի 1-ը բացահայտված է, ուրեմն պետք է բացահայտված լինեին այդ 10 սպանությունները, անկարգությունները, ամեն ինչ` հանրային և մասնավոր գույքի ոչնչացում…  Տրամաբանական է, որ քննությունը պետք է ներքևից գնար վերև։  Այս ամենի մասին մենք որևէ տեղեկություն չունենք, դա դարձվել է գաղտնիք, չգիտենք` ինչ է կատարվում, ինչ ուղղությամբ է գնում։ Դա հիմք է տալիս ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ Մարտի 1-ի գործը տապալված է։

Մյուսը, հակահեղափոխությունն է.  այսօր իշխանություններն անընդհատ ասում են, որ  ընդդիմություն չկա։ Բայց ինչպե՞ս կարող է լինել, եթե հեղափոխությունն ընդդիմություն չի ունենում, հեղափոխությունն ունենում է հակահեղափոխություն, որին պետք է ֆիզիկապես ոչնչացնել. բոլշևիզմ, ուրիշ ոչինչ։ Փառք Աստծո, որ մեզ մոտ դեռ հեղափոխություն չի եղել, և ես հույս ունեմ, որ մենք  կփորձենք արգելակել, չնայած հասարակության այսօրվա վիճակին։ Եթե չեմ սխալվում, Նիկոլ Փաշինյանը  բառացիորեն հայտարարել է, որ հակահեղափոխություն ասելով՝ նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, նրանց շրջապատը։ Նա հայտարարել է, որ նրանք քաղաքական դիակներ են։ Բայց օրինակ` Երևան քաղաքի ընտրությունների ողջ նախընտրական քարոզարշավն ուղղված էր վերոհիշյալ գործիչների դեմ։ Այդ դեպքում, տղա ջան, ինչո՞ւ ես դիակների դեմ պայքարում, սա ի՞նչ դիակապտություն է։ Անտրամաբանությունն ու հակասությունները շատ են այսօրվա Կառավարության դիրքորոշումներում։

Իրականություն է, չէ՞, որ  հասարակության մեծ մասը, չասենք` որքան մեծ, այնուամենայնիվ,  ամբողջովին սատարում է, դա փաստ է։ Շատ պարզ` ատելությունը մթագնել է գիտակցությունը։ Այո, դուք ասացիք, որ հոկտեմբերի 2-ին մեծ բազմություն էր հավաքված Ազգային ժողովի բակում, ներխուժել էին, բայց արդյո՞ք այնտեղ ՀՀ քաղաքացիներ շատ կային։ Ո՛չ, քաղաքացիներ չկային, կար բազմություն։ Եկեք հստակ հասկանանք, որ ատելության վրա դա կարելի էր անել։ Ես չեմ ասում, որ այդ ատելությունն անհիմն էր, բայց դա բազմապատկվեց, և  ներկայումս այդ ատելության քարոզի վրա փորձ է արվում ինչ-որ բան առաջ տանել։ Եթե նախորդ իշխանությունները մեղավոր էին Հուլիոս Կեսարի սպանության, Աբրահամ Լինքոլնի, Ստոլիպինի, Քենեդու սպանության մեջ, հասկացանք, բայց այն, որ   դու այդ իշխանությանը հեռացրել ես՝ դա դեռ չի նշանակում, որ դու ավելի լավն ես, որովհետև առ այսօր բացարձակապես ոչինչ չի արել այս իշխանությունը։ Տնտեսական վիճակը վատացել է, արտաքին քաղաքական վիճակը շատ տխուր է…

Եվ այս իրավիճակում հիմա դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ են պահանջում:   Այն, որ մենք  քաղաքական համակարգ չունենք, կոլապսի մեջ ենք՝ դրա մասին ես մի քանի ամիս առաջ եմ ասել։ Քաղաքական համակարգը դա միայն կուսակցությունները չեն, դա քաղաքացիական սեկտորն է, այսպես ասած, ոչ կառավարական կազմակերպությունները, իրավապաշտպանները, փորձագիտական հանրությունը։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր քաղաքացիական հասարակությունը նույնպես նույն վիճակում է, չնչին բացառություններով` այսօր բոլորը հեղափոխական են, իրավապաշտպաններ գոյություն չունեն:  Կարող եմ տասնյակ օրինակներ բերել.  երբ վարչապետը, օրինակ, հայտարարում է՝ «պառկեցնել ասֆալտին», «ծեփել պատին»,  մենք տեսա՞նք, որ քաղաքացիական հասարակության կամ իրավապաշտպանի  ինչ-որ  լուրջ արձագանք լինի:  Բացարձակապես չեղավ: Այս օրինակները ես կարող եմ  անվերջ շարունակել: Նման օրինակները շատ-շատ են:

Զորախումբ է ուղարկվում Սիրիա: Որտե՞ղ են դրա իրավական հիմքերը, գոյություն չունե՛ն: Դա չափազանց  լուրջ վտանգ է Հայաստանի Հանրապետության համար: Թողենք այն հանգամանքը, որ շատ հնարավոր է՝ դրա պատճառով արևմտյան պատժամիջոցների տակ հայտնվենք: Թողնենք այն հանգամանքը, որ Հայաստանն այն երկիրը չէ, որ  ներքաշվի Սիրիայի այս բարդագույն թնջուկում: Կա շատ ավելի մեծ վտանգ,  քան արևմտյան պատժամիջոցները` Հայաստանը և Սփյուռքի հայկական համայնքները՝  բոլորը միասին, դառնում են իսլամական ահաբեկչական տարբեր կազմակերպությունների թիրախ:  Մտածե՞լ է արդյոք կառավարությունն այդ մասին:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «168.am»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Պարոն Շահնազարյան ես Ձեզ կխնդրեի ընթերցել Ս.Կ. և Կ.Ս. Պողոսյանների <>գիրքը,որտեղ ներկայացվածը կարելի է նմանեցնել 1992 -2018թ.թ.-ների իրողություններին և փաստերին: ճիշտ հիմք չդրվեց’ կործանեցիք և թալանեցիք հայրենասերին` պատերազմի քողի տակ երկիրը հասցվեց այս օրին: Եկեք համախմբվենք մտածենք միասին չարիքը հեռացնենք երկրից: Հանցագործը երբ պատասխանատվություն չի կրում, ապա ունենում ենք Ձեր ստեղծածը:

  2. Մարգար Մախսուդյան says:

    Երբ մարդ ասելիք չի ունենում, դիմում է նման սնամեջ ձևակերպումների՝
    == Այս օրինակները ես կարող եմ անվերջ շարունակել: Նման օրինակները շատ-շատ են: ==
    Ինչ վերաբերում է սույն ինքնաքաղաքականացված անձի՝ մարտի 1-ի քննության վերաբերյալ ՛՛անաչառ՛՛ և ՛՛սրտացավ՛՛ գնահատականներին, ապա նա ակնհայտորեն հայտ է ներկայացնում դառնալու Քոչարյանի 6-րդ, թե 7-րդ փաստաբանը, կամ առնվազն Վիկտոր Սողոմանյան 2։
    Դիտարկենք նաև նրա քաղաքական ՛՛վախերից՛՛ հետևյալը․
    == Նշանակում է, որ 2008 թվականի մարտի մեկին տապալվել է ՀՀ-ում սահմանադրական կարգը, և դրանից հետո 10 տարի ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում` ընտրություններ, ԱԺ որոշումներ, միջազգային պայմանագրեր, դրանք բոլորը սահմանադրական կարգից դուրս են։ ==
    Եթե առաջնորդվենք այս՝ ՛՛ինչ տեղի է ունեցել՝ տեղի չի ունեցել՛՛ տրամաբանությամբ, ապա սահմանադրական կարգից դուրս են ոչ թե վերջին 10-ը, այլ 20 տարիները, քանի որ 1998 թ․ ՀՀ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու գրանցված Դավիթ Շահնազարյանը պնդում էր, որ իրենք՝ թեկնածուները ոչ թե 10-ն են, այլ 9-ը, քանի որ Ռոբերտ Քոչարյանը որպես թեկնածու սահմանադրորեն գոյություն չունի․․․

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031