2018թ. հոկտեմբերի 21-ին Իջեւանի տարածաշրջանի 3 գյուղական համայնքներում կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ: 397 բնակիչ ունեցող Լուսահովիտ գյուղում առաջադրվել է համայնքի ղեկավարի 3 թեկնածու՝ անկուսակցականներ Հունան Անանյանը,Լիպարիտ Թիրաբյանը, Գրիգոր Սարհատյանը: Հ. Անանյանի եւ Լ.Թիրաբյանի զբաղեցրած պաշտոնների վերաբերյալ ընտրական հանձնաժողով ներկայացված փաստաթղթերում ոչինչ նշված չէ, Գ. Սարհատյանը ներկայացել է որպես անհատ ձեռներեց:
Հետո Հ. Անանյանն ինքնաբացարկ է հայտնել: Ադրբեջանին սահմանակից Բերքաբեր համայնքի ղեկավար են գրանցվել այդ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, անկուսակցական Արգամ Արզումանյանը եւ Բերքաբերի համայնքապետարանի գյուղատնտես, հողաշինարար, անկուսակցական Գրիշա Դիլբարյանը:
Հավաստի տեղեկություններով՝ Գ. Դիլբարյանը իրականում չի ցանկանում համայնքապետ դառնալ, նա համայնքի ղեկավարի թեկնածու է գրանցվել, որպեսզի համայնքի ղեկավարի ընտրությունները կայանան: Սահմանամերձ Սարիգյուղ համայնքի ղեկավարի թեկնածու են գրանցվել 2004 թվականից այդ համայնքը ղեկավարող, անկուսակցական Կոմիտաս Էլլարյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սեյրան Սարիբեկյանը:
Իջեւանի տարածաշրջանի վերոհիշյալ 3 համայնքների ղեկավարների բոլոր թեկնածուները թեկնածու են առաջադրվել ինքնաառաջադրմամբ, ոչ թե՝ կուսակցությունների կողմից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ