Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընկեր Նիկոլ, մենք ձեզ շատ ենք սիրում». Էջմիածնում ասել են Էդմոն Մարուքյանին

Հոկտեմբեր 08,2018 22:30

Հոկտեմբերի 21-ին քաղաքապետի արտահերթ ընտրություններ են կայանալու Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում: Հիշեցնենք, Էջմիածնի նախկին քաղաքապետը գեներալ Մանվել Գրիգորյանի որդին` Կարեն Գրիգորյանն էր, որը հայտնի իրադարձություններից հետո հրաժարական տվեց: Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարն այդ հրաժարականից հետո, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Դիանա Գասպարյանն է:

Հոկտեմբերի  21-ին Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի համար կմրցեն 14 թեկնածու: Նրանցից 13-ինքնաառաջադրվել են: Միայն Սերգեյ Սարգսյանին առաջադրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Թեկնածուներից 12-ն անկուսակցական են: Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաեւ քաղաքապետի պաշտոնակատար, ՔՊ անդամ Դիանա Գասպարյանը: Թեեւ վերջինս ինքնաառաջադրվել է, բայց իր մատուցմամբ, դա չի նշանակում, որ ինքը ՔՊ-ի թեկնածուն չէ:

Հիմնական մրցակցությունն այստեղ թերեւս ընթանալու է Դիանա Գասպարյանի եւ Էջմիածնի նախկին փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանի միջեւ: Նա 13 տարի զբաղեցրել է այդ պաշտոնը: Ի դեպ, Կարեն Գրիգորյանի հրաժարականից հետո Վերահսկողական ծառայությունը ստուգումներ իրականացրեց Էջմիածնի քաղաքապետարանում: Վազրիկ Գրիգորյանի մասով որեւէ մութ պատմություն չհայտնաբերվեց: Նրան, ընդհանուր առմամբ, Էջմիածնում բացասական չեն վերաբերվում: Մամուլում տեղեկություններ տպագրվեցին, որ Վազրիկ Գրիգորյանին սատարում է հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը`«Դոն Պիպոն»: Սակայն, ըստ տեղացիների, Վազրիկ Գրիգորյանի եւ «Դոն Պիպոյի» նման համաձայնության մասին խոսակցություն է հանդիսացել թերեւս այն, որ «Դոն Պիպոյի» շրջապատից շատերը խնամիաբարեկամական, ընկերական կապեր ունեն Վազրիկ Գրիգորյանի հետ:

Թեկնածուներից մեկն էլ Էջմիածն ավագանու անդամ Սուրիկ Մուրադյանն է, ով ըստ տեղացիների, առանձնապես չի փայլում ինտելեկտով: Նաեւ`Կարեն Գրիգորյանի բոլոր նախաձեռնություններին միշտ առաջինը «կողմ» քվեարկողներից է եղել, անգամ եթե դեռ բուն բովանդակությունն այդքան էլ հայտնի կամ պարզ չի եղել: Էջմիածնի քաղաքապետի մյուս հավակնորդը Վահե Մովսիսյանն է: Նա «Յունիբանկի» տեղի մասնաճյուղի ղեկավարն է: Խոսակցություններ կան, որ նրան սատարում է ԲՀԿ-ն: Ի դեպ, տեղացիների պատմելով, վերջինս Կարեն Գրիգորյանի ծննդյան օրը առաջինը շնորհավորողների շարքում է եղել միշտ:

Գործող քաղաքապետ, քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանի մասին այստեղ դեռ որոշակի վերաբերմունք չունեն. իր պաշտոնավարման կարճ ընթացքում նա չի հասցրել աչքի ընկնել ոչ լավ, ոչ վատ գործերով: Միայն երեկ, Էջմիածնի տոնին, մարդիկ հիշեցին, որ Կարեն Գրիգորյանը շատ ճոխ էր նշում քաղաքի տոնը. առավոտից մինչեւ ուշ գիշեր տարբեր տոնախմբություններ էին լինում: Երեկ քաղաքի տոնակատարություններն ավելի համեստ եւ անշուք էին: Միայն վարչապետն իր այցով փոքր-ինչ աշխուժություն մտցրեց:

«Լուսավոր Հայաստանի» առաջադրած թեկնածուին`Սերգեյ Սարգսյանին, Էջմիածնում լավ չեն ճանաչում, աչքի չի ընկել: Առաջադրված թեկնածուներից մի քանիսն էլ սեփական PR-ի համար են առաջադրվել: Տեղացիներին իրենք են խոստովանել:

Մեր զրուցակիցներից մեկն էլ ծիծաղաշարժ մի պատմություն պատմեց, որը եղել է «Լուսավոր Հայաստանի» գրասենյակի բացման արարողության ժամանակ. Ներկաներից մեկը`տեսնելով կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին, ոգեւորված մոտեցել է նրան եւ ասել. «Ընկեր Նիկոլ, մենք ձեզ շատ ենք սիրում»:

Մեկ շաբաթ առաջ, ի դեպ, Էջմիածնում գրասենյակ է բացել նաեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»: Բացման արարողությանը ներկա է եղել տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը: Թեեւ ակնկալիքներ են եղել, որ իշխող կուսակցության գրասենյակի բացմանը մարդիկ ինքնաբուխ կհավաքվեն, սակայն, արարողությունը սպասվածից ավելի քիչ մարդաշատ է եղել:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031