Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանությունն ամրապնդելու համար Սիրիա հայկական զինուժ ուղարկելու վերաբերյալ Մոսկվային տված խոստումը պահելու խնդիր ունի:
«Այս պահին, երբ Հայաստանի իշխանությունները ժամանակավոր են, երբ Հայաստանի արտաքին գործընկերը լինի դա Ռուսաստան, թե Արեւմուտք սպասում են Հայաստանում ներքին իրավիճակի կայունացման, այդ թվում եւ լեգիտիմ իշխանության ամբողջացման տեսքով, անշուշտ արտաքին քաղաքական նախաձեռնությունը արտաքին լեգիտիմություն է հաղորդում Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր կառավարությանը»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Նրա խոսքով, Հայաստանի անուղղակի մասնակցությունը սիրիական հակամարտությանը Սիրիայի իշխանությունների կողմից չի կարող ռիսկեր չբերել այն շրջանակների կողմից, որոնք ընդդիմություն են Ասադին, որոնք պահանջում են Ասադին հեռանալ իշխանությունից. «Ռիսկային քայլ է, քանի որ մեզ շատ բան հայտնի չէ, ընդամենն ունենք Նիկոլ Փաշինյանի կողմից հարյուր օրվան նվիրված հանրահավաքում իր ազդարարումը, որ ՀՀ-ն ներգրավվում է հումանիտար մեծ, աննախադեպ նախագծում, իսկ հետագայում հայտնի դարձավ, որ խոսքը հայկական դրոշի ներքո ականազերծողներ ուղարկելու մասին է, ակնհայտորեն չունենք ամբողջ պատկերը ոչ միայն լուծումների առումով, թե արդյոք միջպետական պայմանագի՞ր է լինելու, կամ՝ ո՞վ, ո՞ւմ միջեւ է ստորագրելու, իսկապես խնդիր կա՝ սկսած Սիրիայի հետ պայմանագիր ստորագրելուց, վերջացրած բազում- բազում ռիսկերից: Հարց է, թե նույնիսկ Հայաստանը, եթե նման ռիսկերի տակ է մտնում, ինչ է ստանում դրա դիմաց, ու ով է դա վճարում: Ռուսաստա՞նը, որի համար կարեւոր է եւս մեկ պետության դրոշի ներկայությունը Սիրիայում որպես իր հակաահաբեկչական ճակատի անդամ, թե՞ Սիրիան, որի իշխանությունները նույնիսկ իր երկրում խնդիրը լուծելու անկարողություն ունեն: Առավել եւս այդ ռիսկերը կարեւոր են դառնում այն իմաստով, որ Սիրիան մեծ թվով հայերի կորցրեց, հայաթափվեց, եթե նախկինում Հայաստանը ձեռնպահ էր մնում սիրիական թատերաբեմում թեկուզ նման հումանիտար ներկայացվածությունից, այժմ գնում է այդ քայլին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ