«Ես Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքում հավաստիացա այդ նպատակների իսկության, ազնվության և, որը չափազանց կարևոր է իմ կարծիքով, հետևողականության մեջ»,- այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունը լքած ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը`ասելով, որ ինքը հեղափոխվել է հոկտեմբերի 5-ին, փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո:
Գեւորգ Կոստանյանը նաեւ ասել է, որ ինքը ՀՀ նոր կառավարությունից որեւէ պաշտոն չի ակնկալում:
Aravot.am-ի տեղեկություններով, սակայն, Գեւորգ Կոստանյանը վաղուց էր հեղափոխվել եւ նոր կառավարության հետ հարաբերություններ հարթելու նախաձեռնությունը հենց իրենն է եղել:
Ի դեպ, Գեւորգ Կոստանյանը նոր կառավարությունից իր ակնկալիքները չի թաքցրել: Մեր տեղեկություններով, նա ցանկացել է ստանալ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը, սակայն, մերժվել է:
Այս տեղեկությունները փորձեցինք ճշտել Գեւորգ Կոստանյանից, սակայն վերջինս այդպես էլ չարձագանքեց մեր հեռախոսազանգերին:
Հիշեցնենք, Գեւորգ Կոստանյանը 2013-14 թվականները զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը, սակայն բոլորի համար անակնկալ` հրաժարականի դիմում ներկայացրեց` պատճառաբանելով առողջական խնդիրները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ