Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնին:
Ողջունելով տիկին Տեմբոնին և նրա ղեկավարած պատվիրակության անդամներին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ հետևողականորեն զարգանում է կառուցողական և դրական մթնոլորտում:
Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար և գոհունակությամբ խոսել Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի անցկացման ու դրա կապակցությամբ երկրում տիրող տոնական մթնոլորտի մասին: Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնը նշել է, որ բանկի կողմից Հայաստանում իրականացվող բոլոր ծրագրերի վերջնարդյունքն ավելի բարեկեցիկ Հայաստան ունենալն է, իսկ ծրագրերի ամենակարևոր շահառուն հայ ժողովուրդն է:
Զրուցակիցները հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում իրականացվող ընթացիկ, ինչպես նաև ապագա ծրագրերի շուրջ, քննարկել Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության շարունակական համագործակցության հիմնական ուղղությունները: Հանդիպմանը Մերսի Տեմբոնը և Մհեր Գրիգորյանն անդրադարձել են նաև «2019-2022թթ. երկրի գործընկերության շրջանակ» համատեղ մշակվող փաստաթղթին, որը երկուստեք կարևորվել է համագործակցության հետագա խորացման և ընդլայնման առումով:
ՀՀ կառավարություն