Անցումային արդարադատությունն առաջարկում է երեք բաղադրիչ՝ մեղքի արձանագրում, ներման խնդրանք, ներում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: «Որովհետեւ մարդիկ չեն կարող բոլորին ներել եւ թույլ տալ իրենց տները գնալ առանց մեղքի գիտակցման ու ներման մասին խնդրանքի: Այս առումով անչափ կարեւոր է երկրորդ կողմի մասնակցությունը»,- հայտարարել էր պրն Միրզոյանը:
Փաստաբան Երվանդ Վարոսյանի համոզմամբ, անցումային արդարադատություն տերմինը սխալ է ընտրված:
«Այն, ինչ առաջարկվում է եւ այն ինչ կոչվում է անցումային արդարադատություն, մի փոքր իրարից տարբերվում է: Առաջարկվածը կարելի է ուսումնասիրել, երբ կունենա ամբողջական տեսք, հիմա լսում ենք միայն անուն ու լսում ենք տարբեր կարծիքներ, թե ինչ են տեսնում դրա տակ: Առաջին հիմնավորումը պետք է լինի՝ ինչու առկա մեխանիզմներն ու ինստիտուտները չեն կարող ապահովել արդարադատությունն ամբողջ ծավալով: Կցանկանայի՝ առաջին հերթին լսել այդ հիմնավորումը, որովհետեւ ինձ համար շատ ավելի կարեւոր է, որ օր առաջ սկսենք դատական համակարգի ձեւավորումը: Մենք պետք է կարողանանք ունենալ այդ համակարգը, որ այդ հարցերի պատասխանները կտա:
Իսկ եթե ընդունում ենք, որ համակարգը թերի է ու հարկ ունենք այլ մեխանիզմների ներմուծման, այդ ժամանակ հարց է առաջանում, իսկ առկա կաղ մեխանիզմը շտկելու համար ինչ ենք անում, որն է դրա տեսլականը, այդ քայլերի հաջորդականությունը, ինչպես ենք ամբողջ դատաիրավական համակարգը բերելու օրենքի դաշտ, դա ավելի կարեւոր է»:
Նրա խոսքով, բոլոր այն երկրներում, որտեղ անցումային արդարադատությունն այս կամ այն կերպ կիրառվել է, գտնվել են ճգնաժամային այնպիսի իրավիճակում՝ էթնիկ, ռասսայական, բռնապետական, ծայրագույն ռեժիմներից անցման շրջանում, որտեղ այլ ելք պարզապես չի եղել. «Ես մեր պարագայում այդ առկա կիրառված մոդելներից ոչ մեկի կիրառման անհրաժեշտությունը չեմ տեսնում, բայց եւ այնպես առաջարկվող տարբերակները, որոնցից մեկն առաջարկում էին մեր գործընկերները՝ անունը դնելով անցումային արդարադատություն, որոշակի հանձնաժողովների ստեղծում, քննությունների անցկացումը տարբեր ուղղությամբ, նորմալ է, բայց պարտադիր չէ դրա անունը դնել անցումային արդարադատություն, որովհետեւ անցումային արդարադատության տիպային մոդելները, որոնք այս կամ այն երկրում կիրառվել են, շատ ավելի լուրջ բաներ են եղել, դրանք դատարան լրացնող բաներ են եղել, մինչդեռ մեզ մոտ նման առաջարկներ չկան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ