Այսօր երեկոյան կառավարությունում կայանալու է Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: Խոսելու են արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու շուրջ: Այն երկրորդն է: Երեկ Փաշինյան-Ծառուկյան զույգն այս հարցը կարճ քննարկել է: Հանդիպումը եղել է կառավարական հանգստյան տանը, որտեղ բնակվում է Նիկոլ Փաշինյանը:
Aravot.am-ի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանն այսօր կգան համաձայնության`դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին եւ կհայտարարեն, որ ԲՀԿ-ն ստորագրելու է հուշագրի տակ, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չի առաջադրելու:
Նիկոլ Փաշինյանն այս հարցով հանդիպում-քննարկումներ է ունենալու նաեւ ՀՅԴ-ում:
Իսկ ՀՀԿ-ից առնետավազքը շարունակվելու է: Առաջիկա երկու օրերի ընթացքում, մեր տեղեկություններով, եւս մեկ տասնյակ մարդ հայտարարելու է ՀՀԿ-ն լքելու մասին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ