Հայաստանի նավթամթերքի շուկայում էական փոփոխություններ չեն արձանագրվել, նոր ներկրողներ չեն հայտնվել՝ չնայած, որ նախկին իշխանությունների օրոք ներքին շուկայում եղած մի շարք խոչընդոտներ վերացած են:
Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում այսպիսի մտահոգություն հայտնեց տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը: Դժվա՞ր է արդյոք այս շուկա մտնել, ֆինանսական միջոցնե՞ր են պահանջվում, հարցնում է պարոն Խաչատրյանը, ապա նշում, որ գուցե մենաշնորհային դիրք ունեցողներն օգտագործում են իրենց հնարավորությունները. «Նախկինում, ովքեր այդ շուկայում կային՝ 3-4 հոգի, նրանք շարունակում են իրենց մենաշնորհ դիրքը պահել եւ իրենց հնարավորություններն օգտագործել այստեղ եւ Վրաստանում: Այս գործընթացներում խառնված է նաեւ Վրացական երկաթուղին: Ովքեր իրենցից չէին այլ գին էին առաջարկում, ովքեր իրենցից էին՝ ավելի էժան գին: Հիմա դեռեւս այդ իներցիայով շարունակվում է»:
Նրա խոսքով նախկինում միայն Ռոսնեվթից էին ներկրում, ներկայումս հնարավորություն կա Բուլղարիայից, Ռումինիայից էլ բերել. «Հիմա բացվել է, ազատ է, իշխանության մեջ շահագրգռված մարդիկ չկան, կողմ են, որ որքան շատ մատակարարողներ լինեն, այնքան լավ»:
Aravot.am-ը Վահագն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ արդյոք պատճառն այն է, որ շուկան արդեն բաշխված է եւ նոր ներկրողի համար դժվար կլինի ապրանքն իրացնել, նոր շուկա ստեղծել:
Ի պատասխան, պարոն Խաչատրյանն ասաց, որ այս հարցում ուսումնասիրություն է արել եւ պարզել, որ իշխանության մեջ նախկին հարաբերությունները դեռեւս պահպանվում են. «Այսինքն՝ ով ուզում է նոր մտնել, նրա համար խոչընդոտներ են ստեղծում ե՜ւ Վրաստանում ե՜ւ Հայաստանում: Այդ հարցը շատ կարեւոր է, քանի որ ռազմավարական նշանակության հարց է եւ այն բարձր մակարդակով կառավարությունը մի անգամ պետք է լուծի: Ամբողջ օղակը շատ պարզ է, նավթամթերքը գալիս է Փոթի նավահանգիստ, այդտեղ բեռնաթափվում է, Վրացական երկաթուղի, դրանից հետո հայկական, ռուսական երկաթուղի: Հիմա այս ողջ շղթայի մեջ որտե՞ղ չի աշխատում: Պարզվում է ռուսականն իր խոչընդոտներն է անում, Վրացականն՝ իր եւ այլն»:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ