Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում անցկացված ընտրությունների հարցը՝ ԵԽԽՎ-ում

Հոկտեմբեր 08,2018 17:19

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ստրասբուրգում ընթանում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը:

Լիագումար նիստի ընթացքում քննարկվեց ԵԽԽՎ Բյուրոյի եւ Մշտական կոմիտեի առաջընթացի զեկույցը (Progress report):

Փաստաթղթում անդրադարձ կա նաև Թուրքիայում հունիսի 24-ին անցկացված արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններին:

Ուկրաինացի պատվիրակ Օլենա Սոտնիկը վեհաժողովին է ներկայացրել զեկույցում Թուրքիայում ընտրությունների վերաբերյալ: Զեկույցում մասնավորապես ամրագրված է՝ մի շարք խնդիրներ, որոնք ժամանակին առաջ են քաշվել, մնացել են անփոփոխ. օրինակ՝ 10 տոկոս ընտրական շեմը, խոսքի ազատության նկատմամբ սահմանափակումները: Քննադատության է ենթարկվում նաև այն, որ կուսակցություններին արգելվում է խթանել մի շարք քաղաքական գաղափարախոսությունները, ներառյալ ոչ աշխարհիկությունը կամ փոքրամասնությունների գոյությունը:

Փաստաթղթում մտահոգություն կա նաև կազմակերպությունների ընտրությունների դիտարկման համար իրավական հիմքերի բացակայության, քվեարկության իրավունքի սահմանափակումների վերաբերյալ, որոնք կիրառվում են ակտիվ զորակոչիկների, ռազմական դպրոցներում ուսանողների եւ հատուկ նախատեսված հանցագործություններ կատարելու համար դատապարտված բանտարկյալների նկատմամբ:

Միևնույն ժամանակ նշվում է, որ հունիսի 24-ի ընտրությունները ցույց տվեցին՝ թուրք քաղաքացիները ցանկանում են գնալ ժողովրդավարական ճանապարհով:

Անդրադարձ կա նաև արտակարգ դրության ռեժիմում ընտրությունների անցկացմանը. «Արտակարգ դրության պարագայում ընտրությունների անցկացումը ԵԽԽՎ-ն խոչընդոտ չի համարում, բայց դա խոչընդոտում է բանավեճերի կազմակերպմանը, բազմակարծության ապահովմանը»:

Զեկույցում նաև մտահոգություն կա այն մասին, որ եվրոպացի դիտորդները խնդիրներ են ունեցել Թուրքիայում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս:

ԵԽԽՎ պատվիրակները կարծիքներ հայտնեցին Թուրքիայում ընտրությունների անցկացման վերաբերյալ:

Հոլանդացի պատգամավոր Թինի Կոքսը մտահոգություն հայտնեց, որ հատկապես Թուրքիայի ծայրամասերում քիչ թվով կանանց են տեսել ընտրության մասնակցելիս, մտահոգության առարկա է նաև այն, որ AKP ներկայացուցիչներ են ներկա եղել ընտրատեղամասերում:

Ամփոփելով Թինի Կոքսը հայտարարեց. «Հարց՝ արդյոք Թուրքիայում կարո՞ղ են անցկացվել արդար ընտրություններ, եթե Թուրքիայում մեդիայի 99 տոկոսը գտնվում է իշխանության վերահսկողության ներքո: Գուցե ընտրությունների օրվա գործընթացները ժողովրդավարական էին, բայց ընդհանուր առմամբ կան լուրջ խնդիրներ»:

ԵԽԽՎ մեկ այլ պատվիրակ Մարիոն Բլոնդեն մտահոգություն հայտնեց՝ երբեմն քվեաթերթիկները կնքված չեն եղել, եղել են մի շարք անհամապատասխանություններ:

Նիդերլանդները ներկայացնող պատվիրակ Փիթեր Օմզիգն էլ մտահոգություն հայտնեց, եթե չհետևենք մեր սկզբունքներին, ժողովրդավարությունը դանդաղ կմեռնի:

Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովն իր ելույթում պաշտպանեց Թուրքիային: Նա հայտարարեց՝ գործում են երկակի չափանիշներ ու հորդորեց չմոռանալ, որ Թուրքիան մեծ ներդրում ունի կառույցում, ընդհանրապես կայունության ապահովման հարցում: Սամադ Սեյիդովը հայտարարեց. «Պետք է հասկանանք, որ Թուրքիան այս ընտրություններն անցկացրել է շատ բարդ կացության մեջ, սակայն անցկացրել է բաց ու թափանցիկ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031