Մայրաքաղաքի Ազատության հրապարակում տեղակայված ֆրանկոֆոն ավանում քննարկվել են Երևանի համագործակցության ուղղությունները՝ հիմնական գործընկեր Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը:
Ողջունելով ներկաներին՝ Դավիթ Գևորգյանը նշել է, որ այս տարի լրանում է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիային Երևանի անդամակցության երեսնամյակը, և այդ ընթացքում մայրաքաղաքում կյանքի են կոչվել կրթամշակութային մի շարք ծրագրեր: Մասնավորապես, Երևանի հ.119 ավագ դպրոցի նոր մասնաշենքի կառուցում, 2011-2015թթ. ընթացքում լինգաֆոնային դասարանների բացում հ. 48, հ. 78 ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման դպրոցներում, Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում, Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցում, իսկ Ավ. Իսահակյանի անվան և Նոր-Նորքի կենտրոնական գրադարաններում՝ գույքի ձեռքբերում, ֆրանկոֆոն անկյունների ստեղծում: Հեռանկարում Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի համաֆինանսավորմամբ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի պատմամշակութային արժեքների պահպանման, հետազոտման և վերստեղծման, տուրիստական նոր երթուղիների մշակման ծրագիրն է:
Հանդիպման ընթացքում Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի քարտուղարության անունից հանդես է եկել Ժյուլի Գիյոմը, ով նաև նշել է, որ Երևանի հետ ծավալված սերտ համագործակցությունը մեծ հեռանկար ունի, որի համատեքստում կշարունակվեն կյանքի կոչվել մի շարք ծրագրեր ու գաղափարներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն