Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալիուսսկին, որը 2018 թ. մայիսի 24-ին գրավի դիմաց ազատ արձակվեց, իսկ հունիսի 4-ին նրան առաջադրված մեղադրանքը փոփոխվեց, այնուամենայնիվ շարունակում է քրեական հետապնդման ենթարկվել Հայաստանի Հանրապետությունում:
Նախապես նրան առաջադրված՝ փաստաթղթեր կեղծելու և պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքը փոփոխվելուց հետո նա այժմ մեղադրվում է միայն ՀՀ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու՝ փաստաթղթերի կեղծման համար: Մեղադրանքի փոփոխումից հետո 4 ամիս է անցել, բայց նրա մասնակցությամբ որևէ քննչական ու դատավարական գործողություն վարույթն իրականացնող մարմինը չի կատարել:
ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատունն էլ փաստել է, որ Բ. Կալիուսսկին անունն ու անձնագիրը փոխել է օրինական ճանապարհով, և տրամադրել է դրա վերաբերյալ փաստաթուղթ, որն ավելի վաղ հրապարակել ենք:
Բ. Կալիուսսկիի նկատմամբ ՀՀ իրավապահները քրեական հետապնդում են իրականացնում այս տարվա ապրիլից: Ավելի քան 6 ամիս քննություն է ընթանում, բայց դեռևս ՀՀ Քննչական կոմիտեին չի հաջողվել ապացուցել նրա մեղքը: Բ. Կալիուսսկիի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում մի արարքի համար, որում, մեր գնահատմամբ, հանցակազմ չկա և վերջինիս նկատմամբ իրականացվում է ապօրինի քրեական հետապնդում:
Նրա պաշտպաններ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հարցով 2018թ. սեպտեմբերի 28-ին հերթական անգամ դիմել են ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության քննիչ Ռ. Ավագյանին:
Տեսանյութում Բ. Կալիուսսկին պատմում է իր գործի մասին.
ՀՔԱՎ