Վայոց Ձորի Աղավնաձոր համայնքի խաղողագործներն այսօր բողոքի ցույց էին անում. նրանք դժգոհ են խաղողի մթերման գներից:
Գյուղացիներն ասում են՝ «Մի քանի գործարաններ 1 կգ խաղողի դիմաց առաջարկել են 350 դրամ, իսկ «Արմենիա Վայնը»-ը՝ 250 դրամ: Ձմեռվանից գործարանները զանգել են, որ ախպեր, 350 դրամով պատրաստ ենք մթերել, հիմա բերքահավաքի ժամանակն է, 10 օր է խնդրի առաջ ենք կանգնել: Փոքր մթերողներն ասում են՝ պատրաստ ենք էսօրվանից մթերում անենք 300 դրամով, բաց խանգարում է «Արմենիա վայնը»: Ասում են՝ մինչեւ «Արմենիա վայնը» չմտնի՝ իր գինը չթելադրի, չենք կարա մթերենք»:
Գյուղացիներն ասում են՝ որեւէ մթերող չի կարողանում բացատրել, թե ինչու են անցած տարվա համեմատ այդքան ցածր գին առաջարկում:
Գյուղացիների հետ բանակցում ու խնդիրը քննարկում էին Վայոց Ձորի մարզպետ Գեւորգ Ավագյանն ու Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանը:
Փոխմարզպետը գյուղացիներին վստահեցնում էր. «Երբ քաղաքացիների հետ կա 300-350 դրամով կնքված պայմանագիր, տրամադրեք մեզ, մենք կխոսենք կամ «Արմենիա վայնի» հետ կամ «Պռոշյանի» հետ, ով որ պայմանագիր է կնքել: Եթե ձեր պահանջը դա է, որ «Արմենիա վայնը» չգա, ուրիշ մթերողներ մենք բերենք, կանենք հետեւյալ կերպ: Ուղղակի պետք է հասկանանք՝ եթե «Արմենիա վայնը» չտանի՝ այդ խաղողը մյուսները կմթերե՞ն, թե՝ ոչ»:
Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանն էլ գյուղացիներին հորդորում էր ճանապարհներ չփակել, մինչեւ հասկանան, թե ինչ լուծումներ կարող են գտնել:
Aravot.am-ի հետ զրույցում Հուսիկ Սահակյանն ասաց. «300 դրամով խաղող մթերողներն ասում են՝ անցած տարի 300 դրամ էր, քանակը քիչ էր, գինը շուկան էր որոշել, իսկ այս տարի բերքը շատ է, 250 դրամով են մթերելու: Գյուղացիներն էլ ասում են՝ այս տարի ամեն ինչ թանկացել է՝ բուժանյութ, վառելիք, աշխատուժ, 250 դրամը ձեռնտու չէ»:
Պարոն Սահակյանն ասաց, որ կառավարության ղեկավարները տեղյակ են խնդրից, պետք է բանակցություններ լինեն մթերողների հետ եւ այսօր երեկոյան պարզ կլինի, ինչ որոշման կգան:
«Արմենիա վայն» գործարանի համասեփականատեր Վահագն Մկրտչյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ 10 տարի է ընկերությունը Վայոց ձորից Արենի տեսակի խաղող է մթերում: Ըստ Մկրտչյանի, երբ ընկերությունը սկսել է այդ մարզի գյուղացիների հետ աշխատել, ինչպես ինքն ասաց՝ բավական տխուր վիճակ էր խաղողի այդ տեսակի հետ կապված, մթերողներ չկային եւ գինը շատ ցածր էր. «Մենք այն ժամանակ ամենաբարձր գինն էինք սահմանել 230 դրամ, երբ գյուղացիները 150-180 դրամով էին վաճառում: 10 տարի 230 դրամ՝ տրանսպորտը ներառյալ, մեքենաները բերում հասցնում էին մինչեւ Արագածոտնի մարզ՝ գյուղ Սասունիկ: Ճգնաժամային տարիներին էլ գին չենք իջեցրել»:
Ըստ Մկրտչյանի, իրենք 2015 թվականին գյուղացիների հետ 7 տարով պայմանագիր են կնքել, որ խաղողը մթերելու են 250 դրամով, եւ ինչ էլ լինի՝ ոչ պակաս, քան 210 դրամը:
Վահագն Մկրտչյանն ասաց, որ անցյալ տարի, ըստ պահանջարկի, 300 դրամով են վճարել, քանի որ շուկան էր թելադրել: Մկրտչյանն էլ վստահեցրեց՝ այս տարի բերքն առատ է, եւ հետեւաբար գինը նվազում է. «Մենք այս տարի մթերել ենք Ռինդ, Արենի, Ելփին գյուղերից, որոնց վճարել ենք 265 դրամ: Հիմա հերթը հասել է Աղավնաձորին. այստեղ 48 տնտեսություն մեզ հետ պայմանագիր ունի: Այս մարդիկ ուզում են խաղողը հանձնել մեզ 265 դրամով, սակայն գյուղում կան գյուղացիներ, որոնք ասում են՝ մեքենան շուռ կտանք, եթե դուք 265-ով հանձնեք, պետք ա լինի 350 դրամ: Հիմա ուզում եմ հասկանալ՝ ո՞վ է որոշում 350 դրամ, չէ որ շուկայական հարաբերություններ են»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Տեսանյութը եւ լուսանկարները՝ Արենի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերից