«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը (լուսանկարում) գրում է. «Այս պահին մի խումբ պատգամավորներ արդեն իսկ ցույց են տվել, որ իրավիճակը սթափ գնահատելու դեպքում բարդ չէ գիտակցել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անխուսափելիությունը։
Սիրո և համերաշխության հեղափոխությունը միայն ու միայն պիտի ողջունի նմանօրինակ «դարձը»:
Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցությունը լքած պատգամավոր Արման Սահակյանն է հայտարարել, որ կողմ է Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը «դե ֆակտո դադարեցրել է իր գործունեությունը» խմբակցությունում․ այս մասին ՍիվիլՆեթին հայտնել է Սարգսյանը՝ նշելով, որ առաջիկա օրերին խմբակցությունը լքելու մասին հայտարարությամբ հանդես կգա։Հարցին, թե կարո՞ղ է դա կապված լինել դեկտեմբերին արտահերթ ընտրությունների գնալու հարցի հետ, Սարգսյանը պատասխանել է. «Ինձ համար միևնույնն է, ես ասել եմ՝ եթե պիտի լինի արտահերթ, պիտի լինի՝ դեկտեմբերին, հունվարին, թե մայիսին՝ էական չէ»։
Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը «Ազատությանն» ասել է. «Փաշինյանն ազնիվ է, ես ամբողջությամբ աջակցում եմ նրան»:
Հիշեցնենք նաեւ, որ Ֆելիքս Ցոլակյանի փոխարեն մանդատ ստացող Մարտուն Գրիգորյանն էլ «Առավոտին» է ասել, որ դուրս է գալու ՀՀԿ խմբակցությունից: