ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանին փոխքաղաքապետի պաշտոնը չեն առաջարկել: Այսօր պատասխանելով հարցին, թե ճիշտ են արդյոք շրջանառվող տեղեկությունները, որ նրան փոխքաղաքապետ են ուզում նշանակել, այսպես պատասխանեց պարոն Խաչատրյանը: Վահագն Խաչատրյանն ասաց, որ նման հավակնություններ չունի, ոչ էլ առաջարկ է ստացել, սակայն, եթե Երեւան քաղաքի նոր իշխանությունները խորհրդի կարիք ունենան պատրաստակամ է օգնել՝ առանց պաշտոնի ակնկալիքի, պարզապես, որպես ոլորտից տեղյակ մարդ: Հիշեցնենք, որ Վահագն Խաչատրյանը 1992-ից 1996 թվականները զբաղեցրել է Երեւանի քաղաքապետի պաշտոնը:
Պատասխանելով հարցին, թե առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ը մասնակցելո՞ւ է, պարոն Խաչատրյանն ասաց. «Անհասկանալի կլինի, որ չմասնակցի որեւէ քաղաքական ուժ: Բացի Հանրապետականից, որովհետեւ իրենց մասնակցությունն անհասկանալի կլինի»:
Պարոն Խաչատրյանի խոսքով, ինքը կուզեր, որ ընտրությունները իդեալականին մոտ լինեին եւ դրանք լինեին գաղափարականի դաշտում եւ արդյունքում Հայաստանի ընտրողների մեջ ի վերջո գաղափարականի տարր մտցվեր. «Բայց, ես կարծում եմ, այսօր այդ օրը չէ, որովհետեւ, այն ինչ-որ տեղին ունեցավ Ազգային ժողովում անցյալ շաբաթ, բոլորիս գլխին ոնց որ սառը ջուր լցնեին, եւ մենք շատ լավ տեսնում ենք ինչ է կատարվում եւ բոլորը շատ սթափ գնահատեցին վիճակը, որ այս մարդիկ, ինչ-որ Սերժ Սարգսյանն ասել էր, հակառակն են հասկացել եւ գտնում են, որ անելիք ունեն երկրում, որ կարող են խառնակչություններ անել՝ այն էլ Ֆրանկոֆոնիային նախորդող օրերին: Պետք է ապահովել իսկապես այն լուրջ մասնակցությունն ինչ տեղի ունեցավ Երեւանի ավագանու ընտրություններին»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ