Հոկտեմբերի 21-ին Լոռու մարզի Ձորագյուղ, Սարահարթ եւ Վահագնի համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ, իսկ Անտառաշեն համայնքում՝ ավագանու ընտրություն: Թեկնածուների գրանցման փուլն արդեն իսկ ավարտվել է: Ձորագյուղում համայնքապետի պաշտոնի համար գրանցվել է 3 թեկնածու: Նրանցից Բախշիկ Հարությունյանը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ Վահրամ Հովսեփյանը եւ Արշակ Ռամազյանն անկուսակցական են: Բոլոր 3 թեկնածուներն ինքնաառաջադրված են:
Սարահարթում համայնքապետի պաշտոնի համար կպայքարեն 5 թեկնածուներ: Նրանցից Արա Բարիկյանը համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է: Ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, առաջադրվել է կուսակցության կողմից: Մյուս 4 թեկնածուները՝ Նազար Մանուկյանը, Արմեն Մարկոսյանը, Արտյոմ Փիլոյանը եւ Անդրանիկ Քոթանջյանն անկուսակցական են եւ ինքնաառաջադրված:
Վահագնի համայնքում նույնպես ընտրությունը կընթանա 5 թեկնածուների` Սուրեն Կոստանդյանի, Մերի Մուրադյանի, Սուրեն Վարդումյանի, Լեւոն Օհանյանի եւ Կարլեն Օհանյանի միջեւ: Թեկնածուները բոլորն էլ ինքնաառաջադրված են, անկուսակցական: Կարլեն Օհանյանը համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է:
Անտառաշեն համայնքում ավագանու 5 տեղի համար պայքարում են 7 թեկնածուներ:
Իսկ քարոզարշավը մեկնարկը կտրվի վաղը՝ հոկտեմբերի 9-ին. «Քարոզարշավը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 9-19-ը: Սակայն, մենք գիտենք , որ գյուղական համայնքներում քարոզարշավներն ավելի շուտ են սկսվում: Այս պահին ընտրությունների հետ կապված կազմակերպչական որեւէ հարցեր կամ խնդիրներ չունենք»,- ասաց Լոռու մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄՀ վարչության պետ Դավիթ Մանուչարյանը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ