Լրահոս
Օրվա լրահոսը

Քննչականում Սերժ Սարգսյանի նկարը հանել են ու Փաշինյանինը չեն կախել. «Վարչապետը ինչ հայտարարեց՝ չկա ոչ մի լուսանկար»

Հոկտեմբեր 08,2018 14:49

Այսօր Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ ձեր աշխատասենյակում ձեր վերադասի նկարը կախվա՞ծ է, կամ Սերժ Սարգսյանի նկարը, որ հանվել է, դրա փոխարեն ինչ-որ մեկի նկարը կախե՞լ եք, թե՞ ոչ: Գրիգորյանը պատասխանեց. «Քննչական ծառայությունը եղել է ՊՆ-ի կազմում 2008-ից սկսած եւ կար ՊՆ նախարարի հրաման, որ սենյակում պետք է կախված լինեն նախարարի եւ գերագույն գլխավոր հրամանատարի նկարները: Ձեզ հայտնի է, որ երբ Քննչական ծառայությունը գտնվել է ՊՆ կազմում, քննչականի պետերը միաժամանակ հանդիսացել են զորամասի հրամանատարներ ու այո, այդ հրամանի լույսի ներքո այդպես եղել է: Դա, ինչքան գիտեմ, ավանդույթ է եւ բոլոր երկրներում է այդպես: Բայց վարչապետը ինչ հայտարարեց՝ այդ հայտարարությունից հետո չկա ոչ մի լուսանկար»:

Հարցին՝ ե՞րբ է հանվել Սերժ Սարգսյանի լուսանկարը՝ նա պատասխանեց՝ «Հայտնի իրադարձություններից հետո»:

Մենք նաեւ հետաքրրքվեցինք՝ Նիկոլ Փաշինյանը, երբ դուք նոր էիք նշանակվում, հանձնարարեց, որ քննիչները փոխեն իրենց մտածելակերպը, այն նեգատիվը, որը գոյություն ունի, ասաց, որ այլեւս պետք է չլինի, նրա խոսքով՝ «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է համոզված լինի, որ Քննչական կոմիտեն ու քննչական մարմինները բարոյապես ի վիճակի չեն շրջելու ճշմարտությունը՝ սևը ներկայացնել որպես սպիտակ, սպիտակը՝ որպես սեւ», ուստի հիմա քննիչները արդեն փոխվե՞լ են, փոխե՞լ են իրենց մտածելակերպը: Հայկ Գրիգորյանը պատասխանեց, որ իրեն երբեւէ հայտնի չի էլ եղել այնպիսի փաստ, որ քննիչը խեղաթյուրված հանրությանը ինչ-որ բան ներկայացնի: Նա ասաց, որ հանրության համար հանձնարարվել է ավելի բաց լինել, հանրության շահերով առաջնորդվել, թե չէ՝ «ինչպե՞ս կարա քննիչը խեղաթյուրված գործի հանգամանքները ներկայացնի, դա քրեական հանցագործություն է»: Մեր հարցին՝ բա անվստահությունը որտեղի՞ց էր՝ նա պատասխանեց, որ քրգործում երկու կողմ կա, շահերի բախում եւ երբ կողմերից մեկի պատկերացմամբ գնահատական չի լինում, առաջանում է դժգոհություն. «Մենք իրավունք չունենք հանրության վստահությունը որեւէ կերպ նվազեցնել, սա է եղել պրոբլեմը»:

Հարցին՝ կադրային փոփոխություններ նախատեսվո՞ւմ են, որովհետեւ հանրության մոտ կարծիք կա, որ միայն պետին փոխելով՝ համակարգը չի փոխվում, անվստահություն կար աշխատողների նկատմամբ, որ կոռուպցիոն գործարքների մեջ են եղել՝ Հայկ Գրիգորյանը պատասխանեց, որ իր նշանակումից հետո փոխվել են տեղակալները, մի շարք վարչությունների պետեր՝ աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու համար. «Փոփոխություններ եղել են»:

Ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերին՝ նա ասաց, որ սկզբունք կա՝ եթե որեւէ մեկը որեւէ կոռուպցիոն բնույթի ստվերի մեջ կհայտնվի, անգամ այդ դեպքում շատ կտրուկ արձագանքելու են, դա անընդունելի երեւույթ է. «Քննչական կոմիտեում նոր չի, որ այդ երեւույթի դեմ սկսել ենք պայքարել, դրա դեմ միշտ ենք պայքարել»: Նա ասաց, որ կադրային փոփոխությունները կոռուպցիոն ռիսկի հետ կապ չեն ունեցել:

Հարցին՝ Քննչական կոմիտեի վարույթում գտնվող գործերից նյութական վնասի վերականգնում եղե՞լ է եւ ի՞նչ չափով՝ Հայկ Գրիգորյանը պատասխանեց, որ վնասի չափը միլիոններից անցնում է. «Տարվա վերջին ակնկալում ենք լուրջ վերականգնումներ՝ էական, զգալի: Միլիոններ արդեն կա: Այս պահի դրությամբ 574 մլն վերականգնվել է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031